Ծառայության և նրա ստորաբաժանումների կառավարման բարձրագույն մարմինը Վիճակագրության պետական խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ): Ծառայության նախագահը միաժամանակ հանդիսանում է Խորհրդի նախագահը: Պետական վիճակագրության բնագավառում քաղաքականության մշակումը, երկարաժամկետ միջոցառումների նախագծումը, կարգավորումը, կազմակերպումը, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի իրագործման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված վարչական վիճակագրության համակարգումն իրականացնում է Խորհուրդը: Խորհուրդը՝ ա) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը. բ) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը Արցախի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո՝ մեկամսյա ժամկետում. գ) հաստատում է Ծառայության, նրա տարածքային և գործառնական ստորաբաժանումների կանոնադրությունն ու կառուցվածքը. դ) վերահսկում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը և հաստատում տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը. ե) ընդունում է վիճակագրության բնագավառի իրավական ակտեր՝ օրենքով նախատեսված դեպքերում. զ) հաստատում է իր աշխատակարգը. է) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ: Խորհուրդը բաղկացած է 5 անդամից: Խորհրդի անդամները նշանակվում և ազատվում են Հանրապետության Նախագահի կողմից՝ Ծառայության նախագահի ներկայացմամբ: Խորհրդի անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով: Խորհրդի անդամներ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնք պետք է ունենան գործնական կամ գիտակրթական փորձառություն հետևյալ բնագավառներում՝ - ժողովրդագրության, սոցիոլոգիայի և հասարակական գործունեության, - տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, - ֆինանսավարկային և բանկային, - բնապահպանության, - ձեռնարկատիրական գործունեության կառավարման, - տեղեկատվական տեխնոլոգիաների: Խորհրդի նիստերը գումարվում են Խորհրդի նախագահի կողմից՝ առնվազն ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել նրա առնվազն երեք անդամի պահանջով: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա են նրա անդամներից առնվազն երեքը: Խորհրդի որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ են քվեարկել Խորհրդի անդամների ընդհանուր թվաքանակի կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ստորագրվում են Խորհրդի նախագահի կողմից: |