«2020 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» կատարման ընթացքի մասին |
31.08.2020 |
ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ), համաձայն «Պետական վիճակագրության մասին» օրենքի[1] 11-րդ հոդվածի դրույթներով սահմանված պահանջների, ԱՀ պետական բյուջեից ֆինանսավորվող 2020 թվականի աշխատանքային գործունեությունը ծավալել է ըստ «Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի»[2] և «2020 թվականի Արցախի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի»[3] (Տարեկան ծրագիր): Հիմք ընդունելով Տարեկան ծրագրով սահմանված վիճակագրական աշխատանքները (միջոցառումները), 2020թ. առաջին կիսամյակում նախատեսված և իրականացման ենթակա աշխատանքների ընդհանուր ծավալը կազմել է 288 միավոր, իսկ պարբերականությունը հաշվի առած՝ 703 միավոր, ինչն ամբողջությամբ կատարվել է: Տեղեկատվահրատարակչական գործունեություն: Համաձայն «2020 թվականի վիճակագրական հրապարակումների օրացույց»-ի 2020թ-ի առաջին կիսամյակի ընթացքում ԱՎԾ-ի կողմից հրապարակվել է 13 վիճակագրական ժողովածու, 18 անուն վիճակագրական տեղեկագիր, «Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական եռամսյակային զեկույցի 4 անուն թողարկում (հայերեն և ռուսերեն), 45 անուն օպերատիվ տեղեկատվություն, 68 անուն մամուլի հաղորդագրություն, 2 ընտրանքային հետազոտության զեկույց, որոնք զետեղված են ԱՎԾ-ի պաշտոնական կայքում: Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի (COVID-19) համավարակային իրավիճակով պայմանավորված 2020թ. ապրիլի 3-ից http://stat-nkr.am/ պաշտոնական կայքում զետեղվել է ծառայության հարցազրուցավարներին աջակցելու դիմում-խնդրանք՝ ուղղված վիճակագրական հետազոտություններում ընդգրկված տնային տնտեսություններին: Բացի այդ, Տարեկան ծրագրով նախատեսված վիճակագրական աշխատանքները ժամանակին և բնականոն ընթացքով իրականացնելու նպատակով՝ ընդլայնվել են վիճակագրական փաստաթղթերի ներկայացման հեռավար գործիքների կիրառումը, այն է՝ էլեկտրոնային եղանակով դրանց ներկայացումն ԱՎԾ-ին՝ հնարավորինս նվազեցնելով ֆիզիկական շփումները: Տեխնիկական հարցերով աջակցություն է ցուցաբերվել (հեռախոսային և հեռավար կապի միջոցներով) ռեսպոնդենտներին՝ վիճակագրական հաշվետվությունների («Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» բաժնից ներբեռնած) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ առաջացած դժվարություններով պայմանավորված: Գյուղատնտեսական համատարած հաշվառում: Համաձայն ԱՀ կառավարության 26.05.2020թ. «Արցախի Հանրապետությունում 2019 թվականի ապրիլի 19-ի N276-Ն և Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 19-ի N 277-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 6-Ն որոշման, մեկ տարով հետաձգվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացումը՝ մինչև 2021թ. հոկտեմբերի 11-31-ը, պայմանավորված կորոնավիրուսային(COVID-19) համավարակով և երկրում հայտարարված արտակարգ իրավիճակով: 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել են 2019թ. հոկտեմբերի 11-31-ն անցկացված փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքների մշակումը, ամփոփումը, հաշվառման ծրագրի նախագծով նախատեսված ելքային աղյուսակների ստացումը: Հետազոտություններ և դիտարկումներ: 2020թ. հունվար-մարտ ամիսներին իրականացվել է բիզնես ռեգիստրի հետազոտություն, որի արդյունքներով պատրաստվել է «Բիզնես ռեգիստրի հետազոտություն» վիճակագրական զեկույցը: Անհատական բնակարանային շինարարության ընտրանքային հետազոտությունն իրականացվել է հունվար-փետրվար ամիսներին, որի արդյունքներով պատրաստվել է «Անհատական բնակարանային շինարարության ընտրանքային հետազոտություն» վիճակագրական զեկույցը: Սպառման ապրանքների գների և ծառայությունների սակագների դիտարկումը կազմակերպվել է հաշվետու ժամանակաշրջանի բոլոր ամիսներին` 3-ական անգամ (1-ին, 10-ին, 20-ին): 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անց է կացվել տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն: Ընտրանքում ընդգրկվել են ԱՀ բոլոր շրջանները: Հաշվետու ժամանակաշրջանում հետազոտվել է 810 տնային տնտեսություն կամ յուրաքանչյուր ամսվա ընթացքում 135 տնային տնտեսություն: 2020թ. հունվար-մայիսի ընթացքում անցկացված հետազոտության հարցաթերթերն ու օրագրերը ստուգվել, կոդավորվել, մուտքագրվել են, իսկ նախորդ տարվա ընթացքում անցկացված հետազոտության արդյունքներով ստեղծվել է տվյալների բազա, որի հիման վրա ստացվել են ելքային աղյուսակները: 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անց է կացվել աշխատուժի հետազոտություն: Ընտրանքում ընդգրկվել են ԱՀ բոլոր շրջանները: Հաշվետու ժամանակաշրջանում հետազոտվել է 1080 տնային տնտեսություն, այսինքն՝յուրաքանչյուր ամսվա ընթացքում հետազոտվել է 180 տնային տնտեսություն: 2020թ. հունվար-մայիսին անցկացված հետազոտության հարցաթերթերը ստուգվել, կոդավորվել, մուտքագրվել են: Կադրային ապահովում: Առաջնորդվելով ԱՀ աշխատանքային և քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ, 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ԱՎԾ-ում ժամանակավոր թափուր պաշտոնները համալրվել են, կնքվել են համապատասխանաբար՝ 1-ական աշխատանքային և ժամկետային աշխատանքային պայմանագրեր: ԱՎԾ նախագահի 2020թ. հունվարի 8-ի թիվ1/2-Ն հրամանով հաստատվել է ԱՎԾ-ի նոր չափանիշներով գնահատված և դասակարգված քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, 2020թ. հունվարի 8-ի թիվ 2/2 հրամանով հաստատվել են նոր չափանիշներով գնահատված և դասակարգված քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, 2020թ. փետրվարի 10-ի թիվ 18/2-Ն հրամանով փոփոխություն է կատարվել ԻՀՏՎ բաժնի 3 աշխատողի պաշտոնի անձնագրերում: Փաստաթղթաշրջանառություն: ԱՎԾ-ի կառուցվածքային ստորաբաժանումներում 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում փաստաթղթաշրջանառությունը հետևյալ թվային պատկերն է ներկայացնում. մտից թղթակցություն՝ ընդամենը 414 միավոր և ելից թղթակցություն՝ ընդամենը` 126 միավոր: Ընդհանուր փաստաթղթաշրջանառությունը 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 540 միավոր: Ստացված թղթակցությունը 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում 2019թ. առաջին կիսամյակի համեմատությամբ ավելացել է 183 միավորով, իսկ ելից թղթակցությունը՝ 27 միավորով: ԱՎԾ նախագահի կողմից 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում վերահսկողություն է սահմանվել 10 փաստաթղթի (օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ժամկետ պարունակող փաստաթղթեր) կատարումն ապահովելու համար, որոնք կատարվել են սահմանված ժամկետներում: Գործառութակազմակերպչական գործունեություն: 2020թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում հրավիրվել է ԱՀ վիճակագրության պետական խորհրդի 13 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է 40 հարց և արդյունքում ընդունվել է 61 որոշում (32-ը՝ նորմատիվ և 24-ը` անհատական, 5-ը՝ արձանագրային): Նորմատիվ որոշումները գրանցվել են ԱՀ արդարադատության նախարարության կողմից և հրապարակվել: Ընդունված նորմատիվ որոշումներով հաստատվել են վիճակագրական դիտարկման փաստաթղթեր, փոփոխություններ են կատարվել գործող վիճակագրական փաստաթղթերում, ուժը կորցրած են ճանաչվել արդիականությունը կորցրած վիճակագրական փաստաթղթեր, ինչպես նաև կարգավորվել են վիճակագրական բնագավառի այլ հարցեր: [1] Ուժի մեջ է 03.06.2002թ.-ից (ՀՕ- 205) [2] ՀՕ-38-Ն, ԼՂՀ պաշտոնական 15.12.2017թ. թիվ 23(337) տեղեկագիր [3] ԱՀ վիճակագրության պետական խորհրդի 2020թ. փետրվարի 2-ի թիվ 17-Ն որոշում
|