ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայություն Կանոնադրություն
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելված թիվ 1
ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի
2004թ. մարտի 1-ի  թիվ 12 որոշման

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ  ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը (հետայսու` Ծառայություն) հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող մարմին է, որն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից:
2. Պետական վիճակագրությունն իրականացվում է Ծառայության և նրա տարածքային բաժինների ու գործառնական ստորաբաժանումների կողմից: (12.04.05թ. N25 որոշում)
3. Ծառայությունն իրականացնում է պետական վիճակագրական աշխատանքը և համակարգում է այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
4. Ծառայությունը ստեղծվում, վերակազմակերպվում և գործունեությունը դադարեցնում է օրենքով: Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ՙՊետական վիճակագրության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
5. Ծառայությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և Ծառայության անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանշան և անհատականացման այլ միջոցներ:
6. Ծառայությունը կազմված է Նախագահից և Ծառայության աշխատակազմից: Ծառայության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
7. Ծառայության կառավարման բարձրագույն մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդն է (հետայսու` Խորհուրդ):


8. Ծառայության խորհրդանշանը հետևյալն է` Logo.jpg

Խորհրդանշանն իրենից ներկայացնում է ձախից բաց երկնագույն աջից երկնագույն ֆոնով ուղղանկյուն պատկեր: Խորհրդանշանի ձախ մասի վերևում և ներքևում  սև տառերով արտացոլված են հայերեն ՙԱՎ՚ և անգլերեն ՙSA՚ տառերը` ՙԱրցախի վիճակագրություն՚ և ՙStatistics of Artsakh՚ բառերի հապավումները: Խորհրդանշանի ձախ մասում սև գծապատկերով պատկերված են Արարատ լեռը, իսկ աջ մասում եռանկյան մեջ` ՙՄենք ենք մեր սարերը՚ հուշահամալիրը:
9. Ծառայության կրճատ անվանումն է`
հայերեն` ԱՐՑԱԽՎԻՃ և (կամ) ԱՎԾ (ԼՂՀ ԱՎԾ)
ռուսերեն` ÀÐÖÀÕÑÒÀÒ և (կամ) ÍÑÑ (ÍÑÑ ÍÊÐ)
անգլերեն` ARTSAKHSTAT և (կամ) NSS (NSS NKR)

10. Ծառայության խնդիրներն են`
ա/ տնտեսական և հասարակական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց, հիմնարկներին ու միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև հանրությանը սահմանված կարգով տեղեկատվությամբ ապահովումը.
բ/ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը.
գ/ պետական վիճակագրական ռեգիստրի վարումը.
դ/ վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը.
ե/ վիճակագրական տեղեկատվական աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձևերի մշակման համակարգումը.
զ/ միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում նշված կազմակերպություններին վիճակագրական տեղեկատվության սեփական բազաներ ստեղծելուն աջակցելը.
է/ պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիության ապահովումը.
ը/ Խորհրդի կողմից սահմանված կարգով վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների պատշաճ պահպանման և առանց դրանք ներկայացնողի համաձայնության չտարածելու մեխանիզմի աշխատանքի ապահովումը.
թ/ միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով վարչական ռեգիստրների ստեղծմանն աջակցությունը.
ժ/ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մարդահամարների անցկացումը:
11. Ծառայության գործառույթները
Ծառայությունն իր խնդիրներին համապատասխան`
ա/ կատարում է պետական վիճակագրական աշխատանքներ` Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրերին (հետայսու` Ծրագիր) համապատասխան.
բ/ համատարած հաշվառմամբ, ընտրանքային հետազոտությունների միջոցով, ինչպես նաև հավաքագրված (այդ թվում` վարչական ռեգիստրներից ստացված) տվյալների օգտագործմամբ, Խորհրդի կողմից սահմանված մեթոդների, ընտրանքի և անցկացման կարգին համապատասխան իրականացնում է վիճակագրական դիտարկումներ.
գ/ Խորհրդի կողմից սահմանված ձևի փաստաթղթերի միջոցով հավաքագրում է վիճակագրական տեղեկատվություն.
դ/ Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է մարդահամարներ.
ե/ վարում է վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վիճակագրական ռեգիստրներ.
զ/ ստեղծում և վարում է բիզնես (ձեռնարկատիրական)-ռեգիստր.
է/ ստանում, մշակում, ամփոփում և հրապարակում է Ծրագրին համապատասխան հավաքագրված վարչական տեղեկատվությունը.
ը/ ստանում է հավաստի վիճակագրական տվյալներ վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.
թ/ պայմանագրային հիմունքներով վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից ստանում է անհրաժեշտ վիճակագրական տվյալներ, այդ թվում քաղաքացիներից` նրանց սոցիալ-ժողովրդագրական վիճակի, ինչպես նաև տնային տնտեսությունների վերաբերյալ.
ժ/ կարող է պատրաստել և ներկայացնել համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական գործընթացների վերլուծության հիման վրա.
ժա/ կարող է պարզաբանել վիճակագրական տեղեկատվության և տվյալների ոչ ճիշտ օգտագործման և մեկնաբանման դեպքերը.
ժբ/ ներդնում է վիճակագրական տեղեկություններ ստանալու համար Խորհրդի կողմից հաստատված վիճակագրական հաշվետվությունների ձևերը.
ժգ/ իրականացնում է ստուգումներ, խախտումների հայտնաբերման դեպքում դրանց վերացման նպատակով տալիս անհրաժեշտ հրահանգներ և կատարում համապատասխան ուղղումներ սկզբնական և ամփոփ վիճակագրական տվյալներում.
ժդ/ Ծրագրից դուրս պայմանագրային հիմունքներով մատուցում է վիճակագրական, վերլուծական, տեղեկատվական, հրատարակչական և Ծառայության խնդիրներից բխող այլ ծառայություններ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.
ժե/ կնքում է համագործակցության պայմանագրեր այլ պետությունների վիճակագրություն իրականացնող մարմինների և միջազգային վիճակագրական կազմակերպությունների հետ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.
ժզ/ այլ մարմինների հետ համատեղ աշխատանքներ է կատարում հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան ազգային հաշիվների համակարգի ցուցանիշների մշակման և ներդրման ուղղությամբ` վիճակագրական արժեմեծությունների համապատասխանությունն ու համադրելիությունն ապահովելու նպատակով.
ժէ/ իրավաբանական անձի, հիմնարկի և ֆիզիկական անձի դիմումով տրամադրում է տվյալների բանկում գտնվող նրանց վերաբերյալ տեղեկություններ.
ժը/ անվճար ապահովում է պետական վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին վիճակագրական հաշվետվությունների ձևերով և դրանց լրացման հրահանգներով, նրանց տեղյակ պահում վիճակագրական հաշվետվությունների ներկայացման ժամկետների պարբերականության և ներկայացվող պահանջների մասին:
ժթ) կազմակերպում և իրականացնում է Ծառայության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի աշխատանքները:
(06.12.2007թ. N28 որոշում)


2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

12. Ծառայությունը կառավարում է նախագահը, որին պաշտոնի է նշանակում և ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը ՙՊետական վիճակագրության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով: Նախագահն ունի տեղակալ, որը պաշտոնի է նշանակվում և ազատվում Խորհրդի կողմից` Ծառայության նախագահի ներկայացմամբ:
Նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ՙՊետական վիճակագրության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ:
13. Ծառայության նախագահը`
ա/ ղեկավարում է Ծառայության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ/ կազմակերպում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը.
գ/ ներկայացնում է Ծառայությունը ներքին և արտաքին հարաբերություններում.
դ/ օրենքով սահմանված կարգով պաշտոնի  նշանակում և ազատում է Ծառայության աշխատակազմի ղեկավարին, նշանակումներ է կատարում Ծառայության քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինճպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում.
ե/ պաշտոնի նշանակում և ազատում է խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին, սահմանում է նրանց միջև պարտականությունների բաշխումը.
զ/ օրենքով սահմանված կարգով կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում է կարգապահական տույժեր.
է/ օրենքով և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
ը/ Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ծառայության, նրա գործառնական ստորաբաժանումների և տարածքային բաժինների կանոնադրությունն ու կառուցվածքը. (12.04.05թ. N25 որոշում)
թ/ ստեղծում է ժամանակավոր կամ մշտական գործող աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ սահմանելով դրանց գործառույթները.
ժ/ ԼՂՀ վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատողների թվաքանակը.
ժա) օրենքով սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության  դասային աստիճան. (06.12.2007թ. N28 որոշում).
ժբ/ օրենքով նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ. (ուժը կորցրած է ճանաչված 06.12.2007թ. N28 որոշում)
ժգ/ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ժդ/ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի, Ծառայության աշխատակազմի տարածքային բաժինների պետերի, ինչպես նաև Ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները. (12.04.05թ. N25 որոշում)
ժե/ վերահսկողություն է իրականացնում Ծառայության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.
ժզ/ հաստատում է Ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժէ/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Ծառայության նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Ծառայության նախագահի տեղակալը:
15. Ծառայության նախագահի տեղակալը`
ա/ Խորհրդի որոշումներով և նախագահի հանձնարարությամբ համակարգում է Ծառայության աշխատանքները.
բ/ Ծառայության խնդիրներին համապատասխան իրականացնում է վիճակագրական հաշվետվությունների հաշվառման, վերահսկման, ստուգման, ինչպես նաև խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան ներգործության միջոցներ կիրառելու աշխատանքների համակարգումը.
գ/ իրականացնում է Ծառայության նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
դ/ նախագահին և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
ե/ Խորհրդի որոշումներով և նախագահի հանձնարարությամբ համակարգում է զարգացման և այլ համապատասխան ծրագրերի մշակումը.
զ/ Խորհրդի որոշումներով և նախագահի հանձնարարությամբ համագործակցում է պետական և այլ մարմինների հետ.
է/ Խորհրդի որոշումներով և նախագահի հանձնարարությամբ կազմակերպում է Ծառայությունում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների ճշգրիտ կատարման աշխատանքները և դրանց նկատմամբ վերահսկողությունը.
ը/ Խորհրդի որոշումներով և նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Ծառայության աշխատակազմի աշխատանքների կատարման համար նորմատիվ-տեխնիկական ապահովման կազմակերպումը.
թ/ կատարում է նախագահի այլ հանձնարարականներ:

 
3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

16. Ծառայության աշխատակազմի նպատակը և խնդիրը Ծառայության (այդ թվում` նրա կազմում գործող բաժինների) օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին Ծառայության մասնակցության ապահովումն է: (12.04.05թ. N25 որոշում)
17. Ծառայության աշխատակազմն` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն օրենքով սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Ծառայության աշխատակազմը գործում է ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ՙՊետական վիճակագրության մասին՚, ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի, սույն կանոնադրության հիման վրա:
19. Ծառայության աշխատակազմն իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Ծառայության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլորն կնիք, ձևաթղթեր, անհատականացման այլ միջոցներ: Օգտագործում է Ծառայության խորհրդանշանը:
21. Ծառայության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Ծառայության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Հիմնարկի պահպանման կարիքների համար, ինճպես նաև ծառայության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակում գնումները կատարվում են ՙԳնումների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
23. Ծառայության աշխատակազմի պարտականությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
24. Ծառայության աշխատակազմի անվանումն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վաճակագրական ծառայության աշխատակազմ:
25. Ծառայության աշխատակազմի գտնվելու վայրն է`
ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 5ա:

4. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

26. Ծառայության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ Ծառայության աշխատակազմին կարող են վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն: (27.08.04թ. N21 որոշում) (06.12.2007թ. N28 որոշում)
27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնել  աշխատակազմի գույքը: (27.08.04թ. N21 որոշում)
28. Աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իր գույքը:

5. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

29. Ծառայության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (բաժինները) և տարածքային բաժինները:
30. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները գործում են Նախագահի կողմից հաստատված կանոնակարգերին համապատասխան:
31. Աշխատակազմի տարածքային բաժինների կանոնադրությունները հաստատում է Խորհուրդը` Ծառայության Նախագահի ներկայացմամբ:
32. Աշխատակազմի տարածքային բաժիններն օրենքով սահմանված կարգով շրջանի տարածքում իրականացնում են պետական վիճակագրական աշխատանքները:
33. Աշխատակազմի տարածքային բաժիններն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, և անհատականացման այլ միջոցներ: (12.04.05թ. N25 որոշում)

6. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

34. Ծառայության աշխատակազմի կառավարման բարձրագույն մարմինը ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդն է (հետայսու` Խորհուրդ), որն իրականացնում է պետական վիճակագրության բնագավառում քաղաքականության մշակումը, երկարաժամկետ միջոցառումների նախագծումը, կարգավորումը, կազմակերպումը, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի իրագործման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված վարչական վիճակագրության համակարգումը:
35. Խորհուրդը բաղկացած է 5 անդամից: Խորհրդի անդամները պաշտոնի նշանակվում և ազատվում են ՙՊետական վիճակագրության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
36. Խորհրդի նախագահը միաժամանակ հանդիսանում է Ծառայության Նախագահը:
37. Խորհուրդը`
ա/ հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը.
բ/ հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո մեկամսյա ժամկետում.
գ/ վերահսկում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը և հաստատում տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը.
դ/ հաստատում է Ծառայության, նրա տարածքային բաժինների և գործառնական ստորաբաժանումների կանոնադրությունն ու կառուցվածքը. (12.04.05թ. N25 որոշում)
ե/ սահմանում է Ծրագրի հիման վրա իրականացվող դիտարկումների մեթոդները, ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը, ընտրանքը և անցկացման կարգը.
զ/ սահմանում է Ծրագրով նախատեսված դիտարկումների անցկացման համար տեղեկությունների հավաքագրման ներկայացման կարգը.
է/ սահմանում է Ծրագրով նախատեսված վարչական տեղեկատվության հավաքագրման մեթոդաբանությունը և փաստաթղթերի ձևերը.
ը/ հաստատում է դիտարկումների վերաբերյալ այլ փաստաթղթերի և տեղեկանքների տեսակներ.
թ/ սահմանում է բիզնես-ռեգիստրի վարման համար անհրաժեշտ այլ լրացուցիչ ցուցանիշների ցանկը.
ժ/ հաստատում է Խորհրդի աշխատակարգը.
ժա/ հաստատում է Ծառայության աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը. (06.12.2007թ. N28 որոշում)
ժբ/ Ծառայության նախագահի ներկայացմամբ նշանակում և ազատում է նախագահի տեղակալին.
ժգ/ հաստատում է վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման կարգը.
ժդ/ սահմանում է վիճակագրական տեղեկատվության հրապարակման ձևերը.
ժե/ սահմանում է Ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման համար պետական վիճակագրական տեղեկությունների հավաքագրման (տրամադրման) վիճակագրական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման հրահանգները, ինչպես նաև ընդունում վիճակագրության բնագավառի այլ իրավական ակտեր` օրենքով նախատեսված դեպքերում.
ժզ/ առանձին գործառնությունների իրականացման համար ստեղծում է գործառնական ստորաբաժանումներ և առանձին գործառնական լիազորություններ է վերապահում Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին.
ժէ/ հանրության հետ փոխադարձ կապի սերտացման, վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի առավել ընդգրկուն ուսումնասիրման, գիտամեթոդաբանական, կազմակերպչական և այլ հարցերի լուծման ժամանակ հանրային կարծիքի հաշվառման գործընթացը կարգավորելու նպատակով կարող է ստեղծվել հասարակական հիմունքներով գործող գիտամեթոդաբանական խորհուրդ, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Խորհրդի կողմից.
ժը/ իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
38. Խորհրդի անդամների միջև ֆունկցիոնալ պարտականությունները բաշխվում են ըստ հետևյալ բնագավառների`
- ժողովրդագրություն, սոցիոլոգիա և հասարակական գործունեություն.
           - տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում.
           - ֆինանսավարկային և բանկային գործունեություն.
           - բնապահպանություն.
           - ձեռնարկատիրական գործունեության կառավարում.
           - տեղեկատվական տեխնոլոգիաներ:
39. Խորհրդի նախագահը`
ա/ հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը.
բ/ ստորագրում է Խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները.
գ/ իրականացնում է Օրենքով, Խորհրդի աշխատակարգով և սույն կանոնադրությամբ սահմանված լիազորություններ:
40. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է Խորհրդի անդամներից մեկը` Խորհրդի նախագահի կարգադրությամբ:
41. Խորհրդի անդամը`
ա/ Խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ Խորհրդի նիստի հրավիրման և դրա օրակարգի նախագծերի վերաբերյալ.
բ/ համակարգում է գործունեության իրեն վերապահված կոնկրետ ոլորտի աշխատանքները վիճակագրական գործառույթների գծով և պատասխանատվություն է կրում Խորհրդի կողմից իր վրա դրված պարտականությունների կատարման համար.
գ/ կարող է հանձնարարականներ տալ իրեն ենթակա գործունեության կոնկրետ ոլորտի մեջ ներառվող կառուցվածքային ստորաբաժանումներին, ինչպես նաև իրեն վերապահված գործառութային պարտականությունների գծով այլ ստորաբաժանումներին.
դ/ իրականացնում է Խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:
42. Ծառայության աշխատակազմը ղեկավարում է Ծառայության աշխատակազմի ղեկավարը:
43.  Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախագահի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, ղեկավարում է Ծառայության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Խորհրդի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
44. Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չե պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
45. Ծառայության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել Խորհրդի, Նախագահի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:
46. Ծառայության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում Նախագահի հրամանով նրան փոխարինում է այլ պաշտոնյա:
47. Ծառայության աշխատակազմի ղեկավարը
ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, իր լիազորությունների շրջանակում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է ԼՂՀ ԱՎԾ-ի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր. (12.04.05թ. N25 որոշում)
 գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը. (06.12.2007թ. N28 որոշում)
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) է նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է Ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ, 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր պաշտանների աշխատողներին, ինչպես նաև աշխատակազմի քաղաքացիական Ծառայող չհամարվող աշխատողներին, բացառությամբ սույն կանոնադրության 13-րդ կետի ե) ենթակետում նշված պաշտոնատար անձանցից, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր. (12.04.05թ. N25 որոշում)
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման հրահանգներ, կարգադրություններ և ցուցումներ.
զ) Խորհրդի հաստատմանն է ներկահյացնում Ծառայության աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
է) Նախագահի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, այդ թվում ապահովում է աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը) կազմակերպում է Ծառայության բյուջեի նախագծի նախապատրաստման աշխատանքները և ապահովում է բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) վերահսկում է Ծառայության աշխատակազմի կողմից աշխատանքների կատարման ընթացքը.
ժ) իր լիազորությունների շրջանակում ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և այլ մարմինների աշխատակազմերի հետ.
ժա) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է համակարգի աշխատողների վերապատրաստման և ատեստավորման հարցերի հետ կապված միջոցառումները.
ժբ) օրենքով սահմանված կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ. (06.12.2007թ. N28 որոշում)
ժգ) կազմակերպում է Ծառայության աշխատակազմի գործունեության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) Նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանների, ինչպես նաև կարգադրությունների նախագծերը.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
48. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է Ծառայության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է Ծառայության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում է ՙԳանձապետական համակարգի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրաված լիազորությունները:
49. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, Ծառայության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, պարտադիր վճարների հաշվետվությունները սահմանված կարգով կազմելու և ներկայացնելու համար:

7. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

50. Ծառայության աշխատակազմն օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
51. Ծառայության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

8. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

52. Ծառայության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 


Հավելված թիվ 2
ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի
2004թ. մարտի1-ի  թիվ 12 որոշման

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Վարչություններ

1. Մարդահամարի վարչություն (Գործում է մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ժամանակաշրջանում:)

2. Բաժիններ (06.12.2007թ. N28 որոշում)

1.Իրական հատվածի տնտեսության վիճակագրության բաժին
2.Սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժին
3.Մակրոտնտեսական ցուցանիշների, ազգային հաշիվների և ֆինանսների  վիճակագրության բաժին
4.Վճարային հաշվեկշռի, արտաքին առևտրի և գների վիճակագրության բաժին
5.Անձնակազմի կառավարման, իրավաբանական և մեթոդոլոգիայի  բաժին
6.Տեղեկատվական  տեխնոլոգիաների բաժին
7.Հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժին
8.Հաշվապահական հաշվառման բաժին:
9.Վիճակագրական հաշվետվությունների վերահսկողության  բաժին (Կստեղծվի համապատասխան հաստիքների առկայության դեպքում:)

II. Տարածքային բաժիններ (12.04.05թ. N25 որոշում)

1. ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության Ստեփանակերտ քաղաքի բաժին
2. ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության  Ասկերանի շրջանային բաժին
3. ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության  Հադրութի շրջանային բաժին
4. ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության  Մարտակերտի շրջանային բաժին
5. ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության  Մարտունու շրջանային բաժին
6. ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության  Շահումյանի շրջանային բաժին
7. ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության  Շուշիի շրջանային բաժին
8. ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության  Քաշաթաղի շրջանային բաժին