ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ «2020 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» կատարման ընթացքի մասին
«2020 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» կատարման ընթացքի մասին
31.08.2020

ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ), համաձայն «Պետական վիճակագրության մասին» օրենքի[1] 11-րդ հոդվածի դրույթներով սահմանված պահանջների, ԱՀ պետական բյուջեից ֆինանսավորվող 2020 թվականի աշխատանքային գործունեությունը ծավալել է ըստ «Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի»[2] և «2020 թվականի Արցախի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի»[3] (Տարեկան ծրագիր):

Հիմք ընդունելով Տարեկան ծրագրով սահմանված վիճակագրական աշխատանքները (միջոցառումները), 2020թ. առաջին կիսամյակում նախատեսված և իրականացման ենթակա աշխատանքների ընդհանուր ծավալը կազմել է 288 միավոր, իսկ պարբերականությունը հաշվի առած՝  703 միավոր, ինչն ամբողջությամբ կատարվել է:  

Տեղեկատվահրատարակչական գործունեություն: Համաձայն «2020 թվականի վիճակագրական հրապարակումների օրացույց»-ի 2020թ-ի առաջին կիսամյակի ընթացքում ԱՎԾ-ի կողմից հրապարակվել է  13  վիճակագրական ժողովածու, 18 անուն վիճակագրական տեղեկագիր, «Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական եռամսյակային զեկույցի 4 անուն թողարկում (հայերեն և ռուսերեն), 45 անուն օպերատիվ տեղեկատվություն,  68 անուն մամուլի հաղորդագրություն, 2 ընտրանքային հետազոտության զեկույց, որոնք զետեղված են ԱՎԾ-ի պաշտոնական կայքում:

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի  (COVID-19) համավարակային իրավիճակով պայմանավորված 2020թ. ապրիլի 3-ից http://stat-nkr.am/ պաշտոնական կայքում զետեղվել է ծառայության  հարցազրուցավարներին աջակցելու դիմում-խնդրանք՝ ուղղված վիճակագրական հետազոտություններում ընդգրկված տնային տնտեսություններին: Բացի այդ, Տարեկան ծրագրով նախատեսված վիճակագրական աշխատանքները ժամանակին և բնականոն ընթացքով իրականացնելու նպատակով՝ ընդլայնվել են վիճակագրական փաստաթղթերի ներկայացման հեռավար գործիքների  կիրառումը, այն է՝ էլեկտրոնային եղանակով  դրանց ներկայացումն ԱՎԾ-ին՝  հնարավորինս նվազեցնելով ֆիզիկական շփումները:

Տեխնիկական հարցերով աջակցություն է ցուցաբերվել (հեռախոսային և հեռավար կապի միջոցներով) ռեսպոնդենտներին՝ վիճակագրական հաշվետվությունների («Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» բաժնից ներբեռնած) էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ առաջացած դժվարություններով պայմանավորված:

Գյուղատնտեսական համատարած հաշվառում: Համաձայն ԱՀ կառավարության 26.05.2020թ. «Արցախի Հանրապետությունում 2019 թվականի ապրիլի 19-ի  N276-Ն և Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 19-ի N 277-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 6-Ն որոշման, մեկ տարով հետաձգվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացումը՝ մինչև 2021թ. հոկտեմբերի 11-31-ը, պայմանավորված կորոնավիրուսային(COVID-19) համավարակով և երկրում հայտարարված արտակարգ իրավիճակով:

2020թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել են  2019թ. հոկտեմբերի 11-31-ն անցկացված փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքների մշակումը, ամփոփումը, հաշվառման ծրագրի նախագծով նախատեսված ելքային աղյուսակների ստացումը:

Հետազոտություններ և դիտարկումներ:  2020թ. հունվար-մարտ ամիսներին իրականացվել է բիզնես ռեգիստրի հետազոտություն, որի արդյունքներով պատրաստվել է «Բիզնես ռեգիստրի հետազոտություն» վիճակագրական զեկույցը:

Անհատական բնակարա­նային շինարարության ընտրանքային հետազոտու­թյունն իրականացվել է  հունվար-փետրվար ամիսներին, որի արդյունքներով պատրաստվել է «Անհատական բնակարա­նային շինարարության ընտրանքային հետազոտու­թյուն» վիճակագրական զեկույցը:

Սպառման ապրանքների գների և ծառայությունների սակագների դիտարկումը կազմակերպվել է հաշվետու ժամանակաշրջանի բոլոր ամիսներին` 3-ական անգամ (1-ին, 10-ին, 20-ին):

2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անց է կացվել տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն: Ընտրանքում ընդգրկվել են ԱՀ բոլոր շրջանները: Հաշվետու ժամանակաշրջանում հետազոտվել է  810 տնային տնտեսություն կամ յուրաքանչյուր ամսվա ընթացքում 135 տնային տնտեսություն: 2020թ. հունվար-մայիսի ընթացքում անցկացված հետազոտության հարցաթերթերն ու օրագրերը ստուգվել, կոդավորվել, մուտքագրվել են,  իսկ   նախորդ տարվա ընթացքում անցկացված հետազոտության արդյունքներով  ստեղծվել է տվյալների բազա, որի հիման վրա  ստացվել են  ելքային աղյուսակները:

   2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անց է կացվել աշխատուժի  հետազոտություն: Ընտրանքում ընդգրկվել են ԱՀ բոլոր շրջանները: Հաշվետու ժամանակաշրջանում հետազոտվել է 1080 տնային  տնտեսություն, այսինքն՝յուրաքանչյուր ամսվա ընթացքում հետազոտվել է  180 տնային տնտեսություն:  2020թ. հունվար-մայիսին անցկացված հետազոտության հարցաթերթերը ստուգվել, կոդավորվել, մուտքագրվել են:

Կադրային ապահովում: Առաջնորդվելով ԱՀ աշխատանքային և քաղաքացիական

ծառայության մասին օրենսդրությամբ, 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ԱՎԾ-ում ժամանակավոր թափուր պաշտոնները համալրվել են, կնքվել են համապատասխանաբար՝ 1-ական աշխատանքային և  ժամկետային աշխատանքային պայմանագրեր:

ԱՎԾ նախագահի 2020թ. հունվարի 8-ի թիվ1/2-Ն հրամանով հաստատվել է ԱՎԾ-ի նոր չափանիշներով գնահատված և դասակարգված քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը,  2020թ. հունվարի 8-ի թիվ 2/2 հրամանով հաստատվել են նոր չափանիշներով գնահատված և դասակարգված քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, 2020թ. փետրվարի 10-ի թիվ 18/2-Ն հրամանով փոփոխություն է կատարվել ԻՀՏՎ բաժնի 3 աշխատողի պաշտոնի անձնագրերում:

Փաստաթղթաշրջանառություն: ԱՎԾ-ի կառուցվածքային ստորաբաժանումներում 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում փաստաթղթաշրջանառությունը հետևյալ թվային պատկերն է ներկայացնում. մտից թղթակցություն՝ ընդամենը    414 միավոր և ելից թղթակցություն՝ ընդամենը`    126   միավոր:  Ընդհանուր փաստաթղթաշրջանառությունը 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում կազմել է  540    միավոր: Ստացված թղթակցությունը 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում 2019թ. առաջին կիսամյակի համեմատությամբ ավելացել է 183 միավորով, իսկ ելից թղթակցությունը՝ 27 միավորով: ԱՎԾ նախագահի կողմից 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում վերահսկողություն է սահմանվել 10 փաստաթղթի (օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ժամկետ պարունակող փաստաթղթեր) կատարումն ապահովելու համար, որոնք կատարվել են սահմանված ժամկետներում:

Գործառութակազմակերպչական գործունեություն: 2020թ.-ի առաջին կիսամյակի

ընթացքում հրավիրվել է ԱՀ վիճակագրության պետական խորհրդի 13 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է 40 հարց և արդյունքում ընդունվել է 61 որոշում (32-ը՝ նորմատիվ և 24-ը` անհատական, 5-ը՝ արձանագրային): Նորմատիվ որոշումները գրանցվել են ԱՀ արդարադատության նախարարության կողմից և հրապարակվել: Ընդունված նորմատիվ որոշումներով հաստատվել են վիճակագրական դիտարկման փաստաթղթեր, փոփոխություններ են կատարվել գործող վիճակագրական փաստաթղթերում, ուժը կորցրած են ճանաչվել արդիականությունը կորցրած վիճակագրական փաստաթղթեր, ինչպես նաև կարգավորվել են վիճակագրական բնագավառի այլ հարցեր:



[1] Ուժի մեջ է 03.06.2002թ.-ից (ՀՕ- 205)

[2] ՀՕ-38-Ն, ԼՂՀ պաշտոնական 15.12.2017թ. թիվ 23(337) տեղեկագիր

[3] ԱՀ վիճակագրության պետական խորհրդի 2020թ. փետրվարի 2-ի թիվ 17-Ն որոշում

 

 


  • 2020 (70)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)