2014թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 124.7մլրդ դրամ: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 7.7 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 103.1տոկոս: ՀՆԱ-ի արձանագրված 7.7 տոկոս հավելաճի տեմպի 4.1 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը, 1.8 տոկոսային կետը` շինարարությունը, 1.2 տոկոսային կետը` տրանսպորտ և կապը, 0.7 տոկոսային կետը` կառավարում և պաշտպանությունը: Ի հակառակ դրա, ՀՆԱ-ի հավելաճի տեմպի վրա բացասական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսությունը՝ 1.9 տոկոսային կետով: 2014թ. հունվար-սեպտեմբերին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 835.1 հազ. դրամ, 2033.0 ԱՄՆ դոլար կամ 1499.9 Եվրո:
2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 37.1 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 37.3 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2013թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 123.2տոկոս, այդ թվում՝ 155.3տոկոս հանքագործական արդյունաբերությունում, 106.2տոկոս` մշակող արդյունաբերությունում և 122.9տոկոս` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ արտադրության բաժինների հետևյալն է. մշակող արդ-ն` 38.5%, հանքագործական արդ-ն` 30.1%, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտ-ն և բաշխում` 31.4%: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2014թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 30.8 մլրդ դրամ, ինչը 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, համադրելի գներով, նվազել է 22.8 տոկոսով` պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի 41.5 տոկոս նվազումով: Սա հանգեցրել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքի որոշակի փոփոխության. նախորդ տարվա համեմատ 15.1%-ային կետով նվազել է բուսաբուծության տեսակարար կշիռը` կազմելով 58.5%: 2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում, 2013թ. հոկտեմբերի 1-ի համեմատությամբ, աճել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը` 1.2 տոկոսով, կովերինը` 0.7 տոկոսով, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը` 12.6 տոկոսով: Խոզերի և թռչունների գլխաքանակը նվազել է համապատասխանաբար` 31.0 և 0.7 տոկոսով: 2014թ. հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, հանրապետությունում աճել է մսի, կաթի, ձվի և բրդի արտադրությունը, համապատասխանաբար` 17.0, 14.6, 9.6 և 0.4 տոկոսով:
2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 35.3 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 21.2 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուր շինարարության 94.7 տոկոսը: Շինարարության 30.2%-ը կատարվել է պետական բյուջեի, 29.1%-ը` կազմակերպությունների, 14.8%-ը մարդասիրական օգնության, 11.2%-ը` օտարերկրյա ներդրողների, 4.8%-ը` արտաբյուջետային միջոցների հաշվին:
2014թ. հունվար-սեպտեմբերին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 766.8 հազ. տոննա, որը 2013թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ նվազել է 42.6տոկոսով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառությունը ժամանակաշրջանի համեմատ աճել է 0.3 տոկոսով: 2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 18.2 մլն մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 18.1 մլն մարդու դիմաց: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 14.6 մլն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2.8 տոկոսով:
Հանրապետությունում 2014թ. հունվար-սեպտեմբերին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 6.5 մլրդ. դրամ, որը 2013թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 8.2 տոկոսով: Նախորդ տարվա համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գծով` 65.0%-ով:
2014թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 96.6 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ, համադրելի գներով, աճելով 4.6 տոկոսով: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 85.9%-ը բաժին է ընկել մանրածախ առևտրաշրջանառությանը, 14.1%-ը բնակչությանը մատուցված ծառայություններին:
Հանրապետությունում զբաղվածների թվաքանակը կազմել է 60964 մարդ, որից 75.1 տոկոսը կամ 45777 մարդ վարձու աշխատողներ են, իսկ 24.9 տոկոսը կամ 15187 մարդ հանդիսանում են ինքնազբաղվածներ, մասնավորապես գյուղատնտեսությունում:
2014թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ-ում գործազրկության մակարդակը կազմել է 3.1%:
Բնակչության դրամական եկամուտները 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել են 107.2 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 10.5 տոկոսով: Դրամական ծախսերը նույն ժամանակաշրջանում կազմել են 106.3 մլրդ դրամ և ավելացել են 10.3 տոկոսով:
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 108.9մլրդ դրամ կամ 265.3մլն դոլար, այդ թվում՝ ապրանքների արտահանումը՝ 19.5մլրդ դրամ (47.5մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 89.4 մլրդ դրամ (217.7մլն դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 69.9 մլրդ դրամով (170.2 մլն դոլարով): 2014թ. հունվար-սեպտեմբերին 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 15.3 տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 20.2 տոկոսով, իսկ ներմուծումը` 14.3 տոկոսով:
|