ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2018թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ |
21.05.2018 |
2018թ. մարտին ՏԱՑ-ը (Տնտեսական ակտիվության ցուցանիշը) 2017թ. մարտի համեմատ կազմել է 121.7 տոկոս, 2018թ. փետրվարի համեմատ` 104.8 տոկոս, իսկ 2018թ. հունվար-մարտին (աճողական) 2017թ. հունվար-մարտի համեմատ` 124.1 տոկոս: 2018թ. հունվար-մարտին ՀՆԱ (Համախառն ներքին արդյունքը) կազմել է 51.7 մլրդ դրամ: ՀՆԱ-ի իրական աճի տեմպը կազմել է 116.1 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 102.9 տոկոս: 2018թ. հունվար-մարտին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 352.6 հազ. դրամ, 732.5 ԱՄՆ դոլար կամ 595.2 Եվրո: 2018թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 32.5 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 32.2 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2017թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը աճել է 2.0 անգամ, հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործումում` 3.7 անգամ, մշակող արդյունաբերությունում` 43.8 տոկոսով, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 12.7 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 61.0%, մշակող արդյունաբերություն` 16.7%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 21.7%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 0.6%: Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2018թ. հունվար-մարտին, փաստացի գներով կազմել է 6.0 մլրդ դրամ, այդ թվում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 6.0 մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.001 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2017թ. հունվար-մարտի համեմատությամբ, համադրելի գներով աճել է 11.0 տոկոսով: 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 8.0 տոկոսով նվազել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, այդ թվում` կովերինը` 8.4 տոկոսով, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը` 26.3 տոկոսով, խոզերի գլխաքանակը աճել է 18.8 տոկոսով, իսկ թռչունների գլխաքանակը` 4.5 տոկոսով: 2018թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 9.2 մլրդ. դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 9.6 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 7.4 մլրդ. դրամ: Հանրապետությունում իրականացված շինարարության 30.3%-ը բաժին է ընկել հանքագործական արդյունաբերությանը և բացահանքերի շահագործմանը, 17.1%-ը՝ փոխադրումներ և պահեստային տնտեսությանը, 15.2%-ը՝ սպասարկման այլ ծառայություններին, 12.5%-ը՝ անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 10.3%-ը՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը: 2018թ. հունվար-մարտին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 203.5 հազ. տոննա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6.7 տոկոսով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառությունը 2018թ. հունվար-մարտին կազմել է 5020.6 հազ. տոննա-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.5 տոկոսով: 2018թ. հունվար-մարտին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 4663.2 հազ.մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 16.6 տոկոսով: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2018թ. հունվար-մարտին կազմել է 37743.5 հազ. ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 17.1 տոկոսով: 2018թ. հունվար-մարտին խողովակային տրանսպորտով հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10.7 հազ. տոննա` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 0.4 տոկոսով: Հանրապետությունում 2018թ. հունվար-մարտին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 2.0 մլրդ. դրամ, որը 2017թ. հունվար-մարտի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 5.0 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է հեռահաղորդակցության գծով` 5.8 տոկոս: 2018թ. հունվար-մարտին ԱՀ սպառողական շուկան կազմել է 38.3 մլրդ. դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 61.9%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 38.1%-ը ծառայություններին: 2018թ. հունվար-մարտին տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 157.1 հազ. դրամ և նախորդ տարվա հունվար-մարտի համեմատությամբ աճել է 3.3 տոկոսով: ԱՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2018թ. հունվար-մարտին փաստացի գներով, կազմել է 61.6 մլրդ դրամ կամ 128.1 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 22.6 մլրդ դրամ (46.9 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 39.1 մլրդ դրամ (81.2 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 16.5 մլրդ դրամով (34.3 մլն ԱՄՆ դոլարով): 2018թ. հունվար-մարտին 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 58.4 տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 2.7 անգամ, իսկ ներմուծումը` 28.4 տոկոսով: |