ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ |
26.12.2018 |
ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունը հերթական անգամ հրատարակել է <<Պարենային ապահովությունը Արցախում >> վիճակագրական տեղեկագիրը` նպատակ հետապնդելով հանրությանը պարենային ապահովության վերաբերյալ ամբողջական ու համապարփակ վիճակագրական տեղեկատվություն ներկայացնել: Պարենային ապահովության և անապահովության սահմանումները կարևոր են , քանի որ պարենով ապահովվածության վերլուծության անցկացման հիմնական նպատակը հանդիսանում է ոչ այնքան համապատասխան (ադեկվատ) սնվող մարդկանց որոշումը , այլ ավելի շատ բացահայտումը`թե ովքեր, որ տնային տնտեսությունները և բնակչության որ խմբերը չեն ստանում բավարար քանակությամբ սնունդ և ինչ պատճառներով: Վերոնշյալ հարցերի պատասխանները հնարավորություն կտան ռազմավարություն մշակողներին գնահատել պարենային ապահովության իրավիճակը հանրապետությունում, ինչպես նաև մշակել միջոցառումներ իրավիճակի բարելավման ուղղությամբ: Տեղեկագրում պարենային անապահովության հիմնախնդիրները ներկայացված են հետևյալ կտրվածքով. -սոցիալ-տնտեսական վիճակ, ինչը բնութագրում է պարենի առկայության, մատչելիության և օգտագործման (յուրացվելիության) իրավիճակը, -գներ և գների ինդեքսներ, ինչը բնորոշում է պարենամթերքի սպառողական գների ու ինդեքսների հատվածով տնային տնտեսությունների գնողունակությունը, իսկ գյուղատնտեսական արտադրության միջոցների գների մասով` արտադրության խթանումը, -պարենի առկայություն, ինչը բնորոշում է պարենի ֆիզիկական առկայությունը երկրում, անկախ այն բանից, թե դրանք ստացվել են արտադրության, պահուստների փոփոխության կամ արտահանման/ներմուծման ու մարդասիրական օգնության միջոցով: Պարենի առկայության վրա ազդող հիմնական գործոններ են գները, արտադրության և առևտրի խթանումը, արտադրական ենթակառուցվածքն ու բնակլիմայական պայմանները: Տեղեկագրում ներկայացված են ԱՀ ազգային պարենային հաշվեկշիռները 2016-2017թթ., որոնք հնարավորություն են ընձեռնում գնահատել երկրում անբավարար սնուցման հետ կապված ռիսկերը: Պարենային հաշվեկշռում ապրանքախմբի կազմի ընտրությունը պայմանավորված է Արցախում դրանց առավել լայն սպառման հանգամանքով: Հաշվեկշռում ներկայացված է յուրաքանչյուր ապրանքախմբի ինքնաբավաության աստիճանը (արտահայտված տոկոսներով) , ինչը ցույց է տալիս Արցախում տվյալ ապրանքի նկատմամբ պահանջարկի բավարարման աստիճանը սեփական միջոցների հաշվին: Այսպես, 2017թ. ինքնաբավության բարձր ցուցանիշներ ունենք ցորենի (151.%), գարու (135.8%), եգիպտացորենի (119.4%), 100 % -անոց ցուցանիշ արձանագրվել է մրգի որոշ տեսակների, ընկուզապտուղների, հատապտուղների, հատիկաընդեղենային մշակաբույսերի և ոչխարի (այծի) մսի գնով: Պարենային հաշվեկշռի միջոցով հնարավոր է նաև հաշվարկել ներմուծումից կախվածության աստիճանը , որն արտահայտում է տվյալ ապրանքի նկատմամբ երկրի պահանջարկի բավարարման աստիճանը ներմուծման հաշվին: |