ՀայերենРусскийEnglish

ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ «Ազատ Արցախ» թերթի թղթակից Ս.Վանյանի հարցազրույցը ԼՂՀ ԱՎԾ նախագահ Կ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ։

Վիճակագրությունը գիտություն է, առանց որի  անհնար է այսօր պատկերացնել որևէ ոլորտի գործունեություն։
Այն, փաստորեն, ցուցանիշների հավաքագրման, կուտակման, մշակման և հետազոտության  գործառույթ իրականացնող համակարգ է, որի համար  հետազոտության օբյեկտ կարող են հանդիսանալ հասարակությունը,  սոցիալ-տնտեսական երևույթները, բնական և տեխնիկական  գործոնների ազդեցության արդյունքում  դրանց  քանակական  բնութագրերի փոփոխությունը,  հասարակության  կենսագործունեության  ազդեցությունը շրջակա  միջավայրի վրա  և այլն։
Մի խոսքով` այն ցանկացած երկրի հասարակական և տնտեսական երևույթներն ու գործընթացները բնութագրող թվային ցուցանիշների համակցություն է, ուստի և՝բազմաթիվ բնագավառների  արդյունավետ կառավարումը կախված է  նրա  կայացվածության  մակարդակից։
Ինչպիսի՞ն է ԼՂՀ-ում վիճակագրական ոլորտը կառավարող ծառայությունը, ի՞նչ խնդիրներ և  զարգացման  հեռանկարներ ունի՝. այս և հարակից այլ հարցերի շուրջ է հարցազրույցը ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության  նախագահ Կարեն ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ։
-Պրն Ներսիսյան, ի՞նչ է ընդհանրապես պաշտոնական վիճակագրությունը։ Որքանո՞վ է այն արտահայտում երկրում առկա իրական պատկերը։
- Այս բառն իր ամենադիպուկ արտահայտությունը թերևս ստացել է հայոց լեզվի մեջ` վիճակ-ա- գրություն։ Այսինքն, ոլորտի, երկրի վիճակի արձանագրում կամ վիճակը բնութագրող ցուցանիշների հաշվարկ։ Վիճակագրությունն ունի հիմնարար սկզբունքներ, որոնցով առաջնորդվում են բոլոր վիճակագիր մարմինները, այդ թվում՝ և՜ հավաստիություն, և՜ ամբողջականություն, և՜  արժանահավատություն։ Աշխատանքները նպատակային, համոզիչ կազմակերպելու համար անհրաժեշտ է հետևել այդ դրույթներին։ Ինչ վերաբերում է հարցի երկրոդ մասին` կարծում եմ, կոնկրետ մեր պարագայում մենք առիթ չունենք չվստահելու պաշտոնական վիճակագրությանը։ Գուցե ինչ-որ տեղ, ինչ-որ ոլորտում կամ ինչ-որ հարցում պաշտոնական վիճակագրությունը բացթողումներ ունի, բայց ընդհանրության մեջ այն կատարում է իր ախտորոշիչ դերը՝ արձանագրելով ճշգրիտ տեղեկություններ։
- Ի՞նչ չափորոշիչներով է այսօր աշխատում ԼՂՀ  ԱՎԾ-ն։
- Մենք առաջնորդվում ենք 1993թ. ընդունված ստանդարտներով, բայց  փորձում ենք ներմուծել 2008թ. չափորոշիչները, ինչով ներկայումս առաջնորդվում են Հայաստանի Հանրապետությունում: Վերջերս  ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը ՀՀ համանուն կառույցի հետ փոխգործակցության հուշագիր  է ստորագրել, համաձայն որի այդ չափորոշիչները կիրառելու ենք նաև մեզ մոտ։ Այս համագործակցությամբ լուրջ առաջընթաց  ենք  ակնկալում ոլորտում, բարեփոխումների ամբողջ շղթան նպատակաուղղված է լինելու  համակարգի  արդիականացմանն ու զարգացմանը։ Ուստի մեզ անհրաժեշտ են  ոչ միայն ֆինանսական միջոցներ, կադրեր, ժամանակ, այլև հատուկ ծրագրեր ու հստակ  ռազմավարություն։
- Իսկ ԼՂՀ  ԱՎԾ-ն ունի՞ այդ ռեսուրսները։ Ինչպիսի՞ ռազմավարություն եք կիրառում ներկայումս։
- Մեր աշխատանքների ուղղվածությունն արտացոլվում է ռազմավարական եռամյա ծրագրերով։ 2014 թվականին Վիճակագրական ծառայությունն իրականացնում է վերջին եռամյա ծրագրի ավարտական փուլը:  2015-ից ուժի մեջ մտնող ռազմավարական ծրագրում կարտացոլվեն նաև նոր մոտեցումներ, բարեփոխումներ։ Բնականաբար, մենք աշխատանք ունենք տանելու կադրերի պատրաստման, ժամանակակից տեխնոլոլոգիաների, ծրագրերի ներդրման և այլ հարցերում։
Վերջերս մենք սկսել ենք նախապատրաստվել տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության ծրագրին, որը մեզ թույլ կտա ոչ միայն գնահատել  աղքատության մակարդակը, այլև  դրանք ծնող պատճառները։ Սա իշխանություններին հնարավորություն կտա ճիշտ  բաշխել պետական միջոցները,  վերահսկել միգրացիոն հոսքերը, նոր եղանակով հաշվարկել համախառը ներքին արդյունքը։
- Ո՞րն եք համարում Ազգային վիճակագրական ծառայության գլխավոր  խնդիրը։
- Մեր ծառայության գերխնդիրն այսօր համարում եմ վերը նշված ստանդարտների ներդրումը։ Մենք հապաղելու իրավունք չունենք։ Ինչպես նշել եմ, մենք ակտիվ համագործակցություն ենք սկսել ՀՀ համապատասխան կառույցի հետ, որն, ի դեպ, ոչ միայն տարածաշրջանի, այլև եվրոպական մի շարք երկրների շարքում  համարվում է առաջատարներից մեկը, և սա ոչ թե մեր սուբյեկտիվ, այլ միջազգային մասնագիտական կազմակերպությունների կողմից տրված գնահատական է: ՀՀ  ԱՎԾ-ի օժանդակությամբ  կփորձենք  հնարավորինս արագ (բայց ոչ  հապճեպ) ներդնել այն։ Ուստի  անհրաժեշտ է նախևառաջ ստեղծել համապատասխան բազա.  կառուցվածքային փոփոխություններ մենք արդեն արել ենք, սպասվում են նաև մեթոդաբանական և այլ բարեփոխումներ։ Այս բարեփոխումների արդյունքում կունենանք առավել պրոֆեսիոնալ, զարգացած համակարգ։ Կա նաև օրենսդրական որոշ փոփոխությունների խնդիր, որոնց ուղղությամբ ևս մտածում ենք։ Անկեղծ ասած, հաշվետվողականության և ընտրանքային հետազոտությունների մեխանիզմի ներդրման խնդիր նույնպես կա, որն օրենքով պետք է կարգավորվի։ ՀՀ-ում դա կիրառում են։ Այնտեղ  գյուղատնտեսության  ոլորտում  կիրառում են համատարած հաշվետվության մեխանիզմը, որը շատ ռեսուրսներ է պահանջում, այդ թվում և՝ ֆինանսական, կադրային։  ԼՂՀ-ում նման հնարավորություն առայժմ չկա, բայց հետագայում գուցե կիրարկվի։
- Օրենսդրության համաձայն յուրաքանչյուր 10 տարին մեկ նախատեսվում է մարդահամար անցկացնել։ Ստացվում է՝ մյուս տարի սպասե՞նք այդ միջոցառմանը։
- Մարդահամարին նախապատրաստվել է պետք։ Դրա համար անհրաժեշտ է անցկացնել փորձնական մարդահամար, իրականացնել կազմակերպչական աշխատանքներ, կադրային հարցերը լուծել, որպեսզի ունենանք բոլոր պարամետրերի վերաբերյալ ճշգրիտ վիճակագրական տվյալներ։ Մարդահամարը կարևոր և խոշոր  միջոցառում է։ Այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին կփորձենք փորձնական մարդահամար իրականացնել։ Այս հարցում անչափ կարևոր է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ծրագրային ապահովվածությունը, ինչը մեզ մոտ, ցավոք, դեռ համապատասխան մակարդակի վրա չէ։
- Պրն Ներսիսյան, գաղտնիք չէ, որ մարդիկ միշտ չեն վստահաբար մոտենում վիճակագիրների աշխատանքին, ինչը հաշվառման ժամանակ որոշակի դժվարություններ է առաջացնում...
- Սխալված կլինեմ, եթե ասեմ, որ չկա նման խնդիր։ Այդ թերահավատությունը միշտ էլ լինելու է։ Ոչ ոքի դուր չի գալիս, երբ մտնում են, այսպես ասած, ՙիրենց տարածք՚։ Այստեղ խնդիրը նախևառաջ հաշվառողի մեջ է։ Շատ բան կախված է նաև նրանից, թե ինչպես է մատուցվում հարցը։
- Այսինքն՝ կա  իրազեկվածության մակարդակի բարձրացման խնդի՞ր։
- Իհարկե կա։  Քաղաքացիները պետք է հասկանան, որ պետությունը պարտավոր է  գնահատել երկրի  ներուժը, իմանալ, թե, ասենք, որքան պարենային պաշարներ ունի։ Շահառուները պիտի հասկանան, որ  հաշվառումը կատարվում է ոչ թե նրանց սեփականությանը վնաս հասցնելու, այլ երկրի իրական հնարավորությունները գնահատելու առումով։ Դրա համար վիճակագիրները նաև մի քիչ հոգեբան, մի քիչ իրավաբան, մի խոսքով՝ բազմապրոֆիլ պետք է լինեն։ Այդ տվյալները յուրաքանչյուր երկրի համար շատ  կարևոր են։ Այն կրկնակի է կարևորվում  մեր նման անցումային, բարդ  աշխարհաքաղաքական,  տնտեսության  ռիսկեր պարունակող երկրի համար։
- Որոշ ոլորտներում արդեն կիրառվում է էլեկտրոնային փաստաթղթերի ընդունման պրակտիկան։ Վիճակագրական ծառայությունը դեռ չունի՞ նման փորձ։
- Այո, հարկային ոլորտում արդեն կիրառում են այդ փորձը եկամտային  հարկի գծով։ Մեզ մոտ դեռ չենք արել, քանի որ հաշվետվությունների ձևերը շատ են։ Բայց բանակցություններ ենք վարում այդ համակարգին աստիճանաբար անցում կատարելու համար։ ՀՀ-ում դեռ այն գործածություն չունի։ Չեմ կարծում, թե մեզ մոտ այն վաղ կներդրվի։ Խնդիրները շատ են։ Հատկապես մեծ աղավաղումներ են արձանագրվում հաշվետվություների մեջ։ Ուժեղացվել է վերահսկողությունն այս ոլորտում, որպեսզի առավել  ճշգրիտ, հավաստի ցուցանիշներ ստանանք։
- Վիճակագրական ծառայության գլխավոր գործառույթը թերևս այդ  հավաստի տվյալների ստացումն է։ Ի՞նչ եք անում առկա ստվերը վերացնելու համար։
- Ստվերը ես կանվանեի չհաշվառված մաս։ Մեզ մոտ առկա է նման խնդիր, հատկապես  գյուղատնտեսության ոլորտում։ Եվ ներդրված՝ տնային տնտեսությունների հաշվառման հետազոտությունը բավականին դրականորեն կազդի չհաշվառված մասը վերհանելու տեսակետից։ Բացի այդ , մենք համագործակցում ենք նաև տարբեր ոլորտների հետ՝ վերհանելու այդ չհաշվառված մասը:
 Սրբուհի ՎԱՆՅԱՆ