ՀայերենРусскийEnglish

ԼՂՀ ԱՎԾ-ն անհիմն է համարել թվերի կեղծման մեղադրանքը

Վերջերս մամուլում ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը մեղադրվել է թվերի կեղծման մեջ, ինչպես նաև կասկածի տակ են դրվել վերջին տարիներին Արցախում ժողովրդագրական իրավիճակի բարելավման ցուցանիշները: Մասնավորապես՝ նշվել է դպրոցականների թվի և արտաքին ապրանքաշրջանառության ծավալների ենթադրյալ նվազման մասին:
Թե որքանով են նման մեղադրանքները համապատասխանում իրականությանը, «Արցախպրես»-ը մեկնաբանության խնդրանքով դիմել է ԼՂՀ ԱՎ ծառայությանը: Ի պատասխան՝ նշվել է, որ նման մեղադրանքները անհիմն են, քանի որ բերվող տվյալների վերլուծությունը թերի է և չի արտահայտում իրավիճակի ճիշտ պատկերը:
«Նշենք, որ 2008թ. հունվարի 1-ի դրությամբ (հիշեցնենք՝ նոր կառավարությունը ձևավորվել է 2007թ. հոկտեմբերին) դպրոցականների թիվը ԼՂՀ-ում կազմել է 21371, իսկ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 21377, այսինքն վերջին 6 տարում դպրոցականների թվաքանակի կրճատում ԼՂՀ-ում չի արձանագրվել: Ավելացնենք նաև, որ համեմատվող ժամանակաընթացքում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների թվաքանակը ավելացել է 768-ով, որը ներառված չէ դպրոցականների թվի մեջ:
Ժողովրդագրական պատկերի արտացոլման կարևոր միջոց է ծնվածների և մահացածների, մեկնողների և եկողների վերաբերյալ տվյալների վերլուծությունը: Այսպես, 2008-2012թթ., նախորդ հինգ տարիների համեմատությամբ ,ծնվածների թիվը ԼՂՀ-ում ավելացել է 2615-ով (եթե 2003-2007թթ. ԼՂՀ-ում ծնվածների տարեկան միջին թվաքանակը կազմել է 2081, ապա 2008-2012թթ.՝ 2604), մահացածների թիվը՝ 193-ով, բնական աճը՝  2422-ով,  եկողների թիվը ավելացել է 264-ով, մեկնողների թիվը կրճատվել է 2545-ով, մեխանիկական հավելաճը ավելացել է 2809-ով:
Բացի մեջբերված տվյալներից, պետք է նշել, որ դիլետանտություն կամ միտումնավոր մանիպուլացիա է 2007-2013 թթ. Արցախի Ժողովրդագրական վիճակի մասին հետևություն անել դպրոցականների թվով (որը, ինչպես նշվեց, ևս թերի է ներկայացված), քանի որ այս պահին դպրոցներում ուսանում են մինչև 2007 թ. ծնված երեխաները: Դա խոսում է այն մասին, որ վերջին տարիներին գրանցված բնական աճն արտացոլված չէ դպրոցականների քանակում:
 Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջին տարում իսկապես կրճատվել է ԼՂՀ արտաքին ապրանքաշրջանառությունը:  Այն հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքախմբի արտահանման ծավալների կրճատմամբ (գլխավորապես «Բեյզ Մեթալս» ՓԲԸ-ի կողմից), ինչն իր հերթին հետևանք է նաև միջազգային շուկաներում նշված ապրանքատեսակների գների անկմամբ: Իսկ ներմուծման նվազումը պայմանավորված է ինչպես ներքին սպառման ապրանքների արտադրության ծավալների ավելացմամբ, այնպես էլ արտահանողների կողմից արտադրական կարիքների համար ներմուծվող ապրանքատեսակների ծավալների կրճատմամբ:
Եթե որևէ քաղաքացի խիստ կասկածում է հրապարակվող պաշտոնական վիճակագրական տվյալների հավաստիությանը, ապա խորհուրդ կտանք սեփական դատողություններն ու մտահոգությունները կառուցել հենց դրանց մեջբերման և մասնագիտական վերլուծության, այլ ոչ թե սիրողական մեկնաբանությունների վրա:
 Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալները կեղծելու մտավախությանը, ապա ընդգծենք, որ բերվող բոլոր պաշտոնական ցուցանիշները հավաստի են, քանի որ դրանք հաշվարկվում են տեղերից ստացվող հաշվետվությունների ընդհանրացմամբ, առանց որևէ լրահաշվարկի:
Նշենք նաև, որ ԼՂՀ-ում գործող օրենսդրության համաձայն Ազգային վիճակագրական ծառայությունը անկախ մարմին է և որևէ պարտավորվածություն կամ պարտադրանք  այլ կառույցներից իր վրա չի կրում»,- ասված է ԱՎԾ մեկնաբանության մեջ:
 

Artsakhpress.am