ՀայերենРусскийEnglish

ԱՎԾ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՎԵԼ ՀԱՎԱՍՏԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ

Ապրիլի 9-ին ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն  Ներսիսյանը հրավիրեց մամուլի ասուլիս. լրագրողների հետ հանդիպմանը նա ներկայացրեց ԼՂՀ 2014թ. սոցիալ-տնտեսական վիճակը թվերի լեզվով։
Մինչև բուն թեմային անցնելը Կ. Ներսիսյանն անդրադարձավ մի միջադեպի, որ տեղի է ունեցել Ավետարանոց գյուղում. որոշ անձինք (ԱՎԾ-ի հարցազրուցավարների անվան տակ) փորձ են արել ԱՎԾ աշխատակիցներին ներքաշել քարոզարշավի մեջ կամ ԱՎԾ անունը շահարկել  քաղաքական նկատառումներով։
Կ. Ներսիսյանը պաշտոնապես հայտարարեց, որ նման ցուցում չի եղել ու չի էլ կարող լինել, և մարդիկ պարտավոր չեն պատասխանել նման հարցերի։ ԱՎԾ նախագահը խոստացավ խստացնել վերահսկողությունը։
Համայնքներում տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտությունն անց է կացվում ծառայության՝ վերջին տարիների բարեփոխումների շնորհիվ։ Կ. Ներսիսյանը դա անչափ կարևոր է համարում, քանի որ այն հնարավորություն կտա լուծել համակարգում առկա մի շարք խնդիրներ՝ կապված արժանահավատ, ստույգ վիճակագրական ցուցանիշներ ապահովելու հետ։ Պարզաբանելով՝ Կ. Ներսիսյանն ասաց, որ խոսքն առաջին հերթին վերաբերում է աղքատության մակարդակի գնահատմանը (որ առաջին անգամ փորձ կարվի անել), սպառողական, պարենային զամբյուղի իրական չափերի վերհանմանը։ Այն թույլ կտա երկրի սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշը հաշվարկել երրորդ մեթոդով (ըստ ծախսերի), որը նույնպես Ղարաբաղում նախատիպը չունեցող գործողություն է։ Այն վաղուց կիրառվում է Եվրոստատի երկրներում, և արդեն մի քանի տարի է՝ նաև Հայաստանում։
Կ. Ներսիսյանը  համոզված է, որ Արցախում կան բոլոր հնարավորությունները՝ վիճակագրական արժանահավատ տվյալներ ստանալու համար։
Անցյալ տարի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող գլխավոր ցուցանիշը՝ ՀՆԱ-ն կազմել է 188,8 մլրդ դրամ (ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 2,9%)։ Նախանցյալ տարվա համեմատ արձանագրված 8,9% հավելաճի տեմպի 2,4-ական տոկոսն ապահովել են արդյունաբերությունը, կառավարումը և պաշտպանությունը, 1%-ից քիչ ավելին՝ շինարարությունը։ Երկրի մակրոտնտեսական  կարևոր ցուցանիշներից մեկը, որ բնութագրում է երկրի զարգացածության աստիճանը, 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի մակարդակն է, որն ընթացիկ գներով կազմել է 1մլն 268 հազ. դրամ։
2014թ. հանրապետությունում փաստացի գներով թողարկվել է 52մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որի ֆիզիկական ծավալի ինդեքսը 2013-ի համեմատ կազմել է 117,2%։ Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում մշակող արդյունաբերությանը բաժին է ընկել 39,4%-ը, հանքագործությանը՝ 27,9%-ը, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրությանն ու բաշխմանը՝ 32,7%-ը։
Կ. Ներսիսյանը հայտնեց, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքը փաստացի գներով 57,3 մլրդ դրամ է, ինչը համադրելի գներով 4,3%-ով պակաս է,  քան 2013 թվականին էր։ Սա՝ պայմանավորված հիմնականում բուսաբուծության  համախառն արտադրանքի 28,7 % նվազմամբ։ Ի տարբերություն բուսաբուծության, անասնաբուծության ճյուղի համախառն արտադրանքն աճել է 37,6%-ով։ ՙՍա հանգեցրել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքների որոշակի փոփոխության,- ասաց  Կ. Ներսիսյանը։- Նախորդ տարվա համեմատ  15%-ով նվազել է բուսաբուծության տեսակարար կշիռը՝ կազմելով 48,2%, իսկ անասնաբուծության տեսակարար կշիռը՝ 51,8%՚։ Ոլորտում 2014-ի տարեվերջի տվյալներով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը գրեթե մնացել է նույնը (0,7% աճ), մանր եղջերավորներինն աճել է 5,4%-ով։ Նկատելի անկում է գրանցվել խոզերի գլխաքանակի ցուցանիշի մեջ՝ 23%։ 1,5%-ով պակաս ցուցանիշ է գրանցվել թռչունների գլխաքանակի մասով։ Սպանդի համար իրացվել է 11,6 հազար տոննա  (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է 47,4 հազ. տոննա կաթ, 40,5 մլն  հատ ձու և 289,9 տոննա (ֆիզիկական քաշով) բուրդ։
Շինարարության ծավալները կազմել են 50,5 մլրդ դրամ, ինչը 11,7%-ով ավելի է, քան 2013 թվականին էր։
Շինարարության ավելի քան 29%-ը բաժին է ընկել պետական բյուջեին, 5,5%-ը՝ արտաբյուջետային միջոցներին։ Օտարերկրյա ներդրումներով շինարարության ծավալները կազմել են 13,4%, գրեթե այդքան էլ ապահովվել է մարդասիրական  օգնությունների հաշվին։ 27,4% շինարարություն կատարել են մասնավոր  կազմակերպությունները։
Կ. Ներսիսյանն ասաց, որ վերջին երկու տարվա ընթացքում աշխատանք են տարել, որպեսզի շինարարության ոլորտում կանոնակարգվի հատկապես փաստացի ծավալների արտացոլումը, ինչը, համարում է, որ հաջողվել է։
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների  ծավալը կազմել է 1072 հազ. տոննա (նախորդ տարվա համեմատ այն նվազել է 24%ով)։
Կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը փաստացի գներով կազմել է 8,7 մլրդ դրամ. նախանցյալ տարվա համեմատ արձանագրվել է  գրեթե 7% աճ։ Կապի տեսակների մեջ ամենաբարձր աճ ապահովվել է ինտերնետ-հասանելիության մասով՝ 58,3%։
Սպառողական շուկայի ցուցանիշը նվազել է 1,6%-ով, կազմելով 135,8 մլրդ դրամ։
Աշխատանքում զբաղվածների թվաքանակը 61071 մարդ է, որի միայն  24,7%-ն են ինքնազբաղվածները։ Պաշտոնական գործազրկության մակարդակը 2,5% է։
Բնակչության դրամական եկամուտները  2014թ. կազմել են 150,9 մլրդ դրամ, ծախսերը՝ 150,5 մլրդ դրամ։
Ներկայացնելով արտաքին առևտրաշրջանառության ծավալները՝ Կ. Ներսիսյանն ասաց, որ առևտրային հաշվեկշիռը բացասական է 98,8 մլրդ դրամով. արտահանումը 152,6 մլրդ դրամ է, ներմուծումը՝ 125,7 մլրդ դրամ։
Ժողովրդագրական ցուցանիշներում աճի միտումը հուսադրող է. անցյալ տարի ծնվածների թիվը 2428 էր, մահացածներինը՝ 1309։ Բնական աճը կազմել է 1119 մարդ։ Հաշվետու ժամանակաշրջանում, 2013թ. համեմատ,  ծնվածների թիվը  57 մարդով ավելի է։  Նվազել է մահացածների թիվը։ 2013-ի համեմատ բնական աճը 9% է։  2014թ. ծնվածների թվում գերակշռել են տղաները՝  52,1%, բազմապտուղ ծնունդների թիվը 13 է՝ նախորդ տարվա 24-ի փոխարեն։
Աճել է ամուսնությունների թիվը 46,8 %¬ով, ցավոք, նաև ամուսնալուծությունները՝ 14,6%¬ով։
ԼՂՀ¬ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը կազմել է 946 հոգի, մեկնողներինը՝ 578։ Մեխանիկական հավելաճը 368 մարդ է։
Գաղտնիք չէ, որ պաշտոնական վիճակագրությունը հաճախ տարբերվում է վիճակագրության իրական պատկերից, և լրագրողների խնդրանքով Կ. Ներսիսյանը ներկայացրեց բարեփոխումների ԱՎԾ փաթեթը՝ ուղղված հնարավորինս ճիշտ ցուցանիշներ ստանալուն։ Նա համաձայնեց, որ հարցն, իրոք, հրատապ է, և գործունեության եռամյա ծրագրում ծառայությունը ներկայացրել է այդ բարեփոխումների ցուցակը։ Դրանք և՜ կադրային, և՜ կառուցվածքային, և՜  կազմակերպական բնույթի ծրագրեր են, որոնք փուլ առ փուլ կյանքի են կոչվում։
ՀՀ վիճակագրական համակարգը Եվրոստատում լավագույններից է, և ԼՂՀ¬ն փորձում է ինտեգրվել ՀՀ վիճակագրական համակարգին։
Բնականաբար, լրագրողներին հետաքրքրում էրծառայության կողմից իրականացվող՝ տարվա ամենախոշոր միջոցառման թեման. փորձնական մարդահամարն արդեն կայացել է, որի արդյունքները կհրապարակվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին (օրենքը թույլ չի տալիս այն լրիվությամբ հրապարակել)։ Փորձնական մարդահամարի ժամանակ առաջացած խնդիրներից Կ. Ներսիսյանն առանձնացրեց քարտեզագրումը, հատկապես Ստեփանակերտ քաղաքի և խոշոր համայնքների, որտեղ կա հատակագծերի հստակեցման, հասցեների ճշտման, անվանակոչման անհրաժեշտություն։ Այդ հարցերը, ինչպես նաև հաշվարարների ուսուցման խնդիրը մինչև հիմնական մարդահամարն անհրաժեշտ կլինի լուծել։ Ծառայության հետագա ծրագրերի մեջ է մտնում վարչական ռեգիստր ստեղծելը, որը նախատեսվում է  իրականացնել ՀՀ համանուն կառույցի օժանդակությամբ։ Այն  հնարավորություն կտա ստացած տեղեկությունները շարունակաբար համալրել։
ԱՎԾ¬ն սկսել է հաշվարկել նաև տնտեսական ակտիվության ցուցանիշը։
Հնչեցին հարցեր գնաճի ցուցանիշների, սպառողական զամբյուղի հաշվարկման մեթոդների վերաբերյալ։ Առաջինին ի պատասխան՝ Կ. Ներսիսյանն ասաց, որ գնաճը բնակչության եկամուտների համեմատ գերազանցություն չի արձանագրել (4,8%¬ով աճել է աշխատավարձը, 4,5% կազմել է գնաճը)։ Ինչ վերաբերում է սպառողական զամբյուղին, այն հաշվարկվում է սահմանված կարգով. հաշվի են առնվում ինչպես գնաճը և այլ գործոններ, այնպես էլ Առողջապահության նախարարության կողմից հաստատված նորմերը։ Մեր երկրում այն հաշվարկված է 30 հազ. դրամ՝ պարենային զամբյուղի համար, իսկ ընդհանուր սպառողական զամբյուղը 54 հազ. դրամ է։ Շուտով ԱՎԾ-ն կներդնի պարենային և սպառողական զամբյուղի հաշվարկման նոր մեթոդաբանություն, որը վերջերս սկսել են կիրառել ՀՀ¬ում։ Պատասխանելով  առաջիկա ծրագրերի վերաբերյալ հարցին, ԱՎԾ նախագահն ասաց, որ 2016 թվականին պատրաստվում են առաջին անգամ անցկացնել գյուղատնտեսության համատարած հաշվառում, որը հնարավորություն կտա գնահատել գյուղատնտեսության իրական բազան։
Շնորհակալություն հայտնելով լրագրողներին ասուլիսի ժամանակ առաջադրված հարցերի համար՝ Կ. Ներսիսյանը հետագայում ևս համագործակցելու պատրաստակամություն հայտնեց։
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ

Artsakhtert.com