ՀայերենРусскийEnglish

ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՆՈՐ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՆՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ

ԼՂՀ ԱՎԾ 2015թ-ից սկսած իրականացրել է վճարային հաշվեկշռի նոր հաշվարկ համաձայն ԱՄՀ կողմից առաջարկվող վճարային հաշվեկշռի ձեռնարկի 6-րդ հրատարակության (BPM-6) մեթոդաբանական պահանջի:
Ըստ նոր BPM-6 ձեռնարկի մեթոդաբանության փոփոխություններն իրականացվել են ինչպես դասակարգչային, այնպես էլ մեթոդաբանական առումով:
Դասակարգչային առումով իրականացվել են հետևյալ հիմնական փոփոխությունները: Նախկին 2 հաշիվների` ընթացիկ հաշվի և կապիտալի ու ֆինանասական հաշվի փոխարեն այժմ հաշվեկշիռը կազմված է 3 հաշիվներից` ընթացիկ հաշիվ, կապիտալի հաշիվ և ֆինանսական հաշիվ: Իր հերթին ընթացիկ հաշիվը ներկայումս կազմված է 3 ենթահաշիվներից` ապրանքների ու ծառայությունների (նախկինում դրանք առանձնացված էին), սկզբնական եկամուտների (նախկինում` եկամուտների) ու երկրորդային եկամուտների (նախկինում`ընթացիկ տրանսֆերտներ) ենթահաշիվներից: Հաշվեկշռում ներդրված են նոր ցուցանիշներ` “Զուտ վարկավորում/զուտ ֆինանսավորում ընթացիկ և կապիտալի հաշիվներից” և “Զուտ վարկավորում/զուտ ֆինանսավորում ֆինանսական հաշվից”, որոնք տեսականորեն պետք է հավասար լինեն միմյանց: Ֆինանսական հաշվում դասակարգչային փոփոխությունների արդյունքնում հաշիվը համալրվել է նոր` “ֆինանսական ածանցյալ գործիքներ” ենթահաշվով: Այլ ներդրումների կազմում ավելացել են “Այլ կապիտալ”, “Ապահովագրական, կենսաթոշակային և ստանդարտացված ծրագրեր” և “Հատուկ փոխառության իրավունքի տեղաբաշխում” հոդվածները:
Փոփոխվել է ֆինանսական հաշվում ակտիվների և պարտավորությունների հաշվառման կարգը: Ներմուծվել են “ակտիվների զուտ ձեռք բերում” և “պարտավորությունների զուտ ստանձնում” տերմինները: Ֆինանսական հաշվի հոդվածները գրանցվում են զուտ հիմքով յուրաքանչյուր ակտիվի և պարտավորության մասով, այսինքն նրանք արտացոլում եմ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բոլոր կրեդիտային և դեբետային փոփոխությունները: Այսպիսով դրական զուտ փոփոխությունը նշանակում է ակտիվների կամ պարտավորությունների աճ, իսկ բացասականը` ակտիվների կամ պարտավորությունների նվազում: Արդյունքնում հաշվարկվում է “Զուտ վարկավորում (+)/ զուտ փոխառություն (-) ֆինանսական հաշվից”:

Մեթոդաբանական վերանայումները հիմնականում առնչվել են`

1. Ընթացիկ հաշվի գործառնություններին, մասնավորապես`
•    ապրանքներ հոդվածում այսուհետ չեն ներառվելու ռեզիդենտությունը կորցրած անձանց անձնական գույքը (Միգրանտների տրանսֆերտներ), չնայած ապրանքների արտաքին առևտրի վիճակագրությամբ նման բացառում չի նախատեսված:
•    տրանսպորտային կազմակերպությունների կողմից կայաններում ձեռք բերված ապրանքները ներառված են ընդհանուր “Ապրանքներ” հոդվածում, այլ ոչ թե առանձնացված են առանձին հոդվածով:
•    Նյութական ռեսուրսների վերամշակման ծառայությունները, երբ այն կատարված է պատվիրատուի հումքի հիման վրա, ընդգրկված են որպես ծառայություններ: Քանի որ մաքսային հայտարարագրերում մաքսային ռեժիմներով չի տարանջատվում վերամշակումը ըստ պատվիրատուի և սեփական հումքի, ուստի վերամշակման ծառայությունների ծավալի գնահատման համար ուսումնասիրվել են նման գործառույթներ իրականացնող հիմնական կազմակերպությունները, նպատակ ունենալով գտնել այն հարաբերակցությունը, որով իրականացվում է պատվիրատուի հումքի և սեփական հումքի վերամշակումը: Այնուհետև ստացվել է պատվիրատուի հումքի մեկ միավորի վերամշակման արժեքը: Ստացված հարաբերական գործակիցների ու մաքսային հայտարարագրերով արձանագրված, վերամշակաման գործառույթ ներկայացնող արտահանման /ներմուծման ծավալների աշխարհագրական բաշխվածությունը հաշվի առնելով` փորձագիտական գնահատման միջոցով հաշվարկվել են վերամշակման ծառայությունների ծավալները:
•    Բոլոր տեսակի տրանսպորտային ծառայություններից առանձնացվել են սահմանային, սեզոնային և այլ կարճաժամկետ աշխատողների կողմից սպառած ծառայությունները:
•    Վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունները ներառված են ծառայությունների մեջ, այլ ոչ թե նախկինի պես ապրանքներում:
•    Փոստային և սուրհանդակային ծառայությունները ներառված են տրանսպորտային ծառայությունների մեջ  (նախկինում կապի ծառայություններում):
•    Ճանապարհորդություն հոդվածի գծով, առանձնացված կարգով դասակարգված են այն ծառայությունները  (տեղական տրանսպորտ, տեղավորում, սնունդ և այլ), որոնք մատուցվում են անձնական և գործնական նպատակներով ճանապարհորդներին: Նման կարգի տարանջատման համար նույնպես հիմք են հանդիսացել ԼՂՀ ժամանողների և մեկնողների շրջանում անցկացված ընտրանքային հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև Ձև-1 Ջբոսաշրջիկություն հաշվետվության ամփոփման արդյունքում ստացված տվյալները:
•    Աշխատողների վարձատրությունից (կրեդիտից) առանձնացվելու են ծառայություն մատուցողների վարձատրությունը, որն արտացոլվելու է ծառայությունների արտահանում հոդվածում: Նշենք, որ նման տարանջատումը կարող էր ենթադրվել նաև նախկին մեթոդաբանության ներքո, սակայն ուղղակի պահանջ չի եղել, իսկ վիճակագրության կազմման միջազգային փորձը արտագնա աշխատանքի մեկնողներին դիտարկել է միայն աշխատողների տեսանկյունից: Վճարային հաշվեկշռի ձեռնարկի 6-րդ հրատարակությունում հստակ սահմանվում են ծառայություն մատուցողների և սեզոնային աշխատողների տարբերությունները, համաձայն որի եթե կողմերի միջև չկա գործատու-աշխատող հարաբերություններ  (առկա է աշխատանքային պայմանագիր, գործատուն վերահսկում է կատարված աշխատանքները, վճարում է աշխատողի հարկերը և այլ սոց. հատկացումները և այլն), ապա անհատը համարվում է ծառայություն մատուցող:
•    Որպես երկրորդային եկամտի տարր առանձին` լրացուցիչ հոդվածով առանձնացված է “Անձնական տրանսֆերտներ” ավելի լայն հասկացությունը, քան “աշխատողների դրամական փոխանցումներ” հասկացությունն է: Ներդրված է “Անձնական դրամական փոխանցումներ”, “Ընդհանուր դրամական փոխանցումներ” և  “Ընդհանուր դրամական փոխանցումներ և տրանսֆերտներ ՏՏՍՈԱԿ-ի համար”հասկացությունները: Պետական և մասնավոր հատվածի կողմից ստացած դրամաշնորհներն արտացոլվել են որպես ընթացիկ միջազգային համագործակցություն կամ պետական կառավարման համակարգի տարատեսակ ընթացիկ տրանսֆերտներ, նախկինում այս տրանսֆերտները տարանջատվում էին որպես տեխնիկական կամ ֆինանսական օգնություն:
•    Իրականացված են նաև այլ` ոչ էական ճշտումներ:
2. Կապիտալի հաշվում հիմնականում իրականացվել են հետևյալ փոփոխությունները.
•    Դադարեցվել է Միգրանտների անձնական գույքի հաշվառումը որպես կապիտալ տրանսֆերտ` համարելով, որ դա իրենից միջազգային գործառնություն չի ներկայացնում,
•    Ներդրումային ծրագրերի սահմաններում իրականացված տեխնիկական օգնությունը դասակարգվել է որպես կապիտալ տրանսֆերտ, այլ ոչ թե ընթացիկ տրանսֆերտ:
3. Ֆինանսական հաշվում հիմնականում կատարվել են հետևյալ փոփոխությունները.
•    Մեթոդաբանական առումով գրեթե փոփոխություններ չեն եղել, բացառությամաբ այն հանգամանքի, որ առևտրային վարկերում ներառվել են նաև կանխավճարները, իսկ “Այլ կապիտալ” նոր հոդվածում ընդգրկվել են կապիտալի մասնակցության այն գործիքները, որոնք չունեն արժեթղթային տեսք և չեն հանդիսանում ուղղակի ներդրումներ կամ պահուստային ակտիվներ և որոնք նախկինում ընդգրկված էին այլ ակտիվներ/պարտավորություններ հոդվածներում: