ՀայերենРусскийEnglish

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՆՈՒՇ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2018թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ 
 
2018թ. սեպտեմբերին ՏԱՑ-ը 2017թ. սեպտեմբերի համեմատ կազմել է 119.5 տոկոս, 2018թ. օգոստոսի համեմատ` 125.3 տոկոս, իսկ 2018թ. հունվար-սեպտեմբերին (աճողական) 2017թ. հունվար-սեպտեմբերի համեմատ` 110.0 տոկոս:
2018թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում համախառն ներքին արդյունքը կազմել է 197.6 մլրդ դրամ` 2017թ. հունվար-սեպտեմբերի 174.3 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 112.2 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 101.1 տոկոս (2017թ. համապատասխանաբար 116.5 տոկոսի և 102.4 տոկոսի փոխարեն): 
2018թ. հունվար-սեպտեմբերին  մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1342.1 հազ. դրամ, 2783.2 ԱՄՆ դոլար կամ 2328.2 Եվրո:
ՀՆԱ-ի արձանագրված 12.2 տոկոս հավելաճի տեմպի 4.7 տոկոսային կետն ապահովել է  հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը, 1.9 տոկոսային կետը` արտադրանքի հարկերը, 0.9 տոկոսային կետը` պետական կառավարում և պաշտպանությունը:
Արդյունաբերություն: 2018թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 88.8 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք,  իրացվել է 88.9 մլրդ դրամի պատրաստի արտադրանք:
2018թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 132.5 տոկոս, ընդ որում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ցուցանիշը կազմել է 152.3 տոկոս, մշակող արդյունաբերությունը՝ 108.6 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 115.9 տոկոս, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 71.7 տոկոս: 
Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. մշակող արդյունաբերություն` 17.7%, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 59.8%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 21.9%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 0.6%: 
Ստեփանակերտ քաղաքի արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 23.9 տոկոսը, իսկ շրջաններից ամենամեծ մասնաբաժինն  ունի  Մարտակերտի շրջանը` 62.7 տոկոս: 
Արդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր քանակում գերակշռել են գերփոքր և փոքր կազմակերպությունները, որոնց տեսակարար կշիռները կազմել են, համապատասխանաբար` 70.0 և 24.7 տոկոս: Հատկանշական է, որ 94.7 տոկոս կազմող գերփոքր և փոքր կազմակերպությունները թողարկել են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 19.3 տոկոսը,  այն դեպքում, երբ կազմակերպությունների ընդհանուր թվաքանակում 5.3 տոկոս կազմող միջին և խոշոր կազմակերպություններին բաժին է ընկել արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալի 80.7 տոկոսը: 
Գյուղատնտեսություն: Գյուղատնտեսության  և ձկնորսության  համախառն արտադրանքը 2018թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 54.4 մլրդ դրամ, այդ թվում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 54.4 մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.004 մլրդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, համադրելի գներով, նվազել  է 1.2 տոկոսով: 
2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում նվազել են ԽԵԱ գլխաքանակը` 3.3 տոկոսով, այդ թվում կովերինը` 1.1 տոկոսով և ՄԵԱ` 12.9 տոկոսով: Խոզերի գլխաքանակը  աճել է 28.8 տոկոսով, իսկ թռչուններինը՝ 3.1 տոկոսով:
2018թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում սպանդի համար իրացվել է 7.7 հազ. տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատ  աճել է 2.5 տոկոսով), արտադրվել է 35.9 հազ.տոննա կաթ (նվազել է 1.8 տոկոսով), 38.5 մլն հատ ձու (աճել է 20.6 տոկոսով) և  177.0 տոննա (ֆիզիկական քաշով) բուրդ (նվազել է 32.7 տոկոսով):
Շինարարություն- 2018թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 32.8 մլրդ դրամի  շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 0.1 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 28.3 մլրդ դրամ կամ ընդհանուր  շինարարության  86.1 տոկոսը:
Ըստ ֆինանսավորման աղբյուրների նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը զիջում է 48.9%-ով՝ արտաբյուջետային միջոցների, 43.0%-ով` մարդասիրական օգնության, 17.4%-ով՝ համայնքների, 28.4%-ով` օտարերկրյա ներդրողների, 20.0%-ով`  կազմակերպությունների և 27.3%-ով` այլ միջոցների հաշվին իրականացված շինարարությունը և հակառակը 32.6 անգամ աճել է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի, 45.2%-ով` պետական բյուջեի, 77.7%-ով` Արցախի ներդրումային հիմնադրամի, 81.9%-ով` բնակչության միջոցների հաշվին կատարված շինարարությունը: 
Տրանսպորտ 
Բեռնափոխադրումներ: 2018թ. հունվար-սեպտեմբերին, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 607.2 հազ. տոննա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1.6 տոկոսով:
Բեռնաշրջանառություն: Ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  2018թ.  հունվար-սեպտեմբերին կազմել է 33.3 մլն տոննա-կմ, որը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 13.8 տոկոսով: 
Ուղևորափոխադրումներ: 2018թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 15.2 մլն մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1.3 տոկոսով:
Ուղևորաշրջանառություն: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը  2018թ. հունվար- սեպտեմբերին կազմել է 138.6 մլն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.4 տոկոսով:
Մայրուղային խողովակաշարային տրանսպորտով 2018թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 24.2 հազ. տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.0 տոկոսով: 
Կապ- Հանրապետությունում 2018թ. հունվար-սեպտեմբերին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 6.2 մլրդ. դրամ, որը 2017թ. հունվար-սեպտեմբերի  նկատմամբ, համադրելի գներով, աճել է 4.7 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից 3.7 տոկոս աճ արձանագրվել  է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման խմբում և 4.5 տոկոս աճ` հեռահաղորդակցման խմբում: 
Հիմնական հեռախոսային բաժանորդների թիվը 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 21415 հատ, այդ թվում բնակարանային բաժանորդները` 17823 հատ կամ 83.2 տոկոսը: Բջջային կապի բաժանորդների քանակը կազմել է 112362 հատ, այդ թվում մշտական գծի բաժանորդները` 44492 հատ: Ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը կազմել է 28352, այդ թվում բնակարանայինը` 26221 բաժանորդ: 
Սպառողական շուկա: 2018թ. հունվար- սեպտեմբերին հանրապետությունում սպառողական շուկան կազմել է 133.8 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 63.1%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 36.9%-ը՝ ծառայություններին: 2018թ. հունվար-սեպտեմբերին առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 84.4 մլրդ դրամ, 2017թ. նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 2.4 տոկոսով:
2018թ. հունվար-սեպտեմբերին մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 75.8 մլրդ դրամ, որը 2017թ. նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով,  աճել է 2.9 տոկոսով: 2018թ. հունվար-սեպտեմբերին մեկ բնակչի հաշվով մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 514.5 հազ. դրամ: 
2018թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ծառայությունների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է  49.4 մլրդ դրամ, 2017թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ, համադրելի գներով, աճել է  15.2 տոկոսով: 2018թ. հունվար-սեպտեմբերին ծառայությունների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմել ֆինանսական և ապահովագրական գործունեության, տեղեկատվության և կապի, փոխադրումների և պահեստային տնտեսության ծառայությունները, համապատասխանաբար` 34.5,  14.6, 17.1 տոկոս: Ծառայությունների ընդհանուր ծավալի 87.8 տոկոսը բաժին է ընկել Ստեփանակերտին, 12.2 տոկոսը՝ շրջաններին: Միջին հաշվով մեկ բնակչին ընկնող ծառայությունների ծավալը 2018թ. հունվար- սեպտեմբերին կազմել է 335.7 հազ.դրամ:
2018թ.  հունվար-սեպտեմբերին տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 159.4 հազ. դրամ և նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի  համեմատությամբ աճել է 4.8 տոկոսով: Ընդ որում պետական և ոչ պետական առևտրային կազմակերպություններում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է համապատասխանաբար` 157.7 հազ.  դրամ և 163.2 հազ.  դրամ:
 
Միջին ամսական անվանական և իրական աշխատավարձերը
2017-2018թթ.  հունվար-սեպտեմբերին
 

 

2017թ.

հունվար-սեպտեմբեր

2018թ.

հունվար-սեպտեմբեր

Միջին ամսական անվանական աշխատավարձ, դրամ

152066

159433

Իրական աշխատավարձը սպառողական գների ինդեքսով, դրամ

153602

156001

 
Սահմանված նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը միջին ամսական անվանական աշխատավարձի նկատմամբ կազմել է 34.5%, իսկ նվազագույն սպառողական բյուջեի նկատմամբ` 91.8%, միջին ամսական անվանական աշխատավարձի հարաբերակցությունը նվազագույն սպառողական բյուջեի նկատմամբ կազմել է 266.0%:
Ֆինանսներ և դրամաշրջանառություն: ԱՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած տվյալների համաձայն, 2018թ. հունվար-սեպտեմբերին հանրապետության համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 41.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ համախմբված բյուջեի եկամուտներն աճել են 46.5 տոկոսով: 2018թ. հունվար-սեպտեմբերին հանրապետության համախմբված բյուջեի ծախսերը կազմել են 71.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 18.5 տոկոսով: Նույն ժամանակահատվածում համախմբված բյուջեի ծախսերը գերազանցել են եկամուտները 73.9 տոկոսով: Պետական բյուջեի եկամուտները  ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են 20.5%` նախորդ տարվա 15.8%-ի փոխարեն, հարկեր և տուրքեր/ՀՆԱ կազմել է 20.2%` նախորդ տարվա 15.1%-ի փոխարեն:
2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերը կազմել են 152.2 մլրդ դրամ և 2017թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճել են 16.3 մլրդ դրամով կամ 12.0 տոկոսով: 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ներգրավված ավադները կազմել են 106.8 մլրդ դրամ և 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ աճել են 8.7 տոկոսով: Ավանդների ընդհանուր կառուցվածքում 81.9 տոկոսը պատկանում է ռեզիդենտներին, 18.1  տոկոսը` ոչ ռեզիդենտներին, ընդ որում ռեզիդենտների կողմից ներգրավված ավանդների 16.7 տոկոսը ցպահանջ են, 83.3 տոկոսը` ժամկետային:
Հանրապետությունում ոչ բանկային կազմակերպությունների կողմից իրականացված փոխառությունները 2018թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 25.1 մլրդ դրամ, 2017թ. 24.4 մլրդ դրամի փոխարեն:
Ժողովրդագրություն:  2018թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 1738 մարդ, մահացածների թիվը` 897 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ծնվածների թիվը նվազել է 20 մարդով կամ 1.1 տոկոսով, մահացածների թիվը` 3 մարդով կամ 0.3 տոկոսով, արդյունքում բնական հավելաճը կազմել է 841 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2.0 տոկոսով կամ 17 մարդով: 
Բազմապտուղ ծնունդների դեպքերի թիվը 2018թ. հունվար-սեպտեմբերին 34 է` նախորդ տարվա 46-ի փոխարեն: Բոլոր բազմապտուղ ծնունդները զույգ են: 
Մեռելածինների թիվը ընթացիկ տարվա 9 ամիսներին կազմել է 8 երեխա` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը պահպանվել է: Ըստ ծննդի հերթականության 2018թ. հունվար-սեպտեմբերին ծնվածների դիտարկումը ցույց է տալիս, որ առաջնածին են 590 երեխա կամ ծնվածների 34.0%-ը, ընտանիքում ծնված երկրորդ երեխաների թիվը 572 է կամ ծնվածների 32.9%-ը, ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաների թիվը 576 է կամ ծնվածների 33.1%-ը: 
Ծնված երեխաների անվանակոչման դիտարկումը խոսում է աղջիկների համար Անի (40դեպք) Մարիա (33դեպք), Նարե (33դեպք) և Մանե (32դեպք), տղաների համար Դավիթ (60դեպք), Տիգրան (46դեպք), Հայկ (31դեպք) և Դանիել (29դեպք) անունների ավելի հաճախակի անվանակոչման մասին: Հանրապետությունում հաշվետու ժամանակաշրջանում ծնվածների 43.6%-ը և մահացածների 39.6%-ը բաժին են ընկնում մայրաքաղաքին: 
Մահացածության պատճառական կառուցվածքի ըստ հիվանդության դասերի դիտարկման արդյունքում բարձր տեսակարար կշիռներ ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` 69.8% (նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի 67.8%-ի փոխարեն), նորագոյացությունները` 15.3% (17.7%-ի փոխարեն): Փաստորեն մահացածության պատճառական կառուցվածքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2.0 տոկոսային կետով աճել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների և 2.4 տոկոսային կետով նվազել նորագոյացությունների տեսակարար կշիռները:  
Ըստ տարիքային խմբերի մահացածների դիտարկմամբ ունենք հետևյալ պատկերը. մինչև 70 տարեկան մահացածները կազմել են ընդհանուրի 30.4 %-ը (նախորդ տարվա 31.6%-ի փոխարեն), 70-ից բարձր տարեկանները` 69.6%-ը (նախորդ տարվա 68.4%-ի փոխարեն): 
Մանկամահացությունը (մինչև 1 տարեկան մահացած երեխաների թիվը 1000 կենդանածնի հաշվով) 2018թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 5.2 երեխա կամ 9 դեպք, նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին համապատասխանաբար` 6.8 երեխայի և 12 դեպքի դիմաց, երեխաների մահացությունը (մինչև 5 տարեկան մահացած երեխաների թիվը 1000 կենդանածնի հաշվով)` 6.3 երեխա կամ 11 դեպք, նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին համապատասխանաբար`8.5 երեխայի  կամ 15 դեպքի դիմաց:
2018թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է 637 ամուսնության և 153 ամուսնալուծության դեպքեր: 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ամուսնության դեպքերը նվազել է 34-ով կամ 5.1 տոկոսով, ամուսնալուծությունները` 13-ով կամ 7.8%-ով: 100 նոր կազմավորվող ամուսնական զույգին բաժին է ընկել ամուսնալուծության 24  դեպք` նախորդ տարվա 25-ի փոխարեն: 
2018թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը կազմել է 441 մարդ` 2017թ. հունվար-սեպտեմբերի 428 մարդու փոխարեն, մեկնողների թվաքանակը` 578 մարդ` 2017թ. հունվար-սեպտեմբերի 640 մարդու փոխարեն, արդյունքում մեխանիկական հավելաճը բացասական է և կազմել է 137 մարդ: Եկողների 88.7 տոկոսը և մեկնողների 98.8 տոկոսը բաժին է ընկել Հայաստանի Հանրապետությանը:
Գներ: Հանրապետությունում սպառողական շուկայում 2018թ. սեպտեմբերին 2017թ. դեկտեմբերի նկատմամբ, ինչպես և նախորդ  երեք ամիսներին, արձանագրվել է գնանկում: Սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային շուկայում զարգացումների, պարենային որոշ ապրանքատեսակների գնաճի, առանձին պարենային ապրանքատեսակների սեզոնայնության, սպառման կառուցվածքի,  պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխության հետ: Հանրապետությունում 2018թ. սեպտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.1 տոկոս: 2018թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել  է 102.2 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 103.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.5, ծառայությունների սակագներինը՝  99.9 տոկոս,  իսկ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ համապատասխանաբար 99.0 տոկոս, 100.4, 97.2 և 97.2 տոկոս:
2018թ. սեպտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1.9 տոկոս գնանկման պայմաններում գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1 տոկոս աճ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նշված ցուցանիշների 2.3 տոկոս գնանկման և 1.0  տոկոս  նվազման  դիմաց:
Արտաքին առևտուրը:  Հանրապետությունում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2018թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 194.2 մլրդ դրամ կամ 402.8 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ապրանքների արտահանումը՝ 70.7 մլրդ դրամ (146.7 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 123.5 մլրդ դրամ (256.1 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 52.8 մլրդ դրամով (109.5 մլն ԱՄՆ դոլարով): 2018թ. հունվար-սեպտեմբերին 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 24.6 տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 37.8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 18.1 տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 1.0 տոկոսով: