ՀայերենРусскийEnglish
Գլխավոր ԼՂՀ Վիճակագրության պետական խորհուրդ
ԼՂՀ ՎՊԽ մասին

Ծառայության և նրա ստորաբաժանումների կառավարման բարձրագույն մարմինը Վիճակագրության պետական խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ): Ծառայության նախագահը միաժամանակ հանդիսանում է Խորհրդի նախագահը:

Պետական վիճակագրության բնագավառում քաղաքականության մշակումը, երկարաժամկետ միջոցառումների նախագծումը, կարգավորումը, կազմակերպումը, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի իրագործման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված վարչական վիճակագրության համակարգումն իրականացնում է Խորհուրդը:

Խորհուրդը`

ա) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը.

բ) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո` մեկամսյա ժամկետում.

գ) հաստատում է Ծառայության, նրա տարածքային և գործառնական ստորաբաժանումների կանոնադրությունն ու կառուցվածքը.

դ) վերահսկում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը և հաստատում տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը.

ե) ընդունում է վիճակագրության բնագավառի իրավական ակտեր` օրենքով նախատեսված դեպքերում.

զ) հաստատում է իր աշխատակարգը.

է) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Խորհուրդը բաղկացած է 5 անդամից, որոնք նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից, ծառայության նախագահի ներկայացմամբ`6 տարի ժամկետով:

Խորհրդի անդամներ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, որոնք պետք է ունենան գործնական կամ գիտակրթական փորձառություն հետևյալ բնագավառներում`

- ժողովրդագրության, սոցիոլոգիայի և հասարակական գործունեության,

- տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման,

- ֆինանսավարկային և բանկային,

- բնապահպանության,

- ձեռնարկատիրական գործունեության կառավարման,

- տեղեկատվական տեխնոլոգիաների:

Խորհրդի նիստերը գումարվում են Խորհրդի նախագահի կողմից` առնվազն ամիսը մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել նրա առնվազն երեք անդամի պահանջով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա են նրա անդամներից առնվազն երեքը: Խորհրդի որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ են քվեարկել Խորհրդի անդամների ընդհանուր թվաքանակի կեսից ավելին:

Խորհրդի որոշումներն ստորագրվում են Խորհրդի նախագահի կողմից: